Հայկ Մարությանին անվստահություն հայտնեցին. Երևանի քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը

Երևանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու քվեարկությունը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու կողմ է քվեարկել ավագանու 44 անդամ, դեմ է քվեարկել 10-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ:

«Այսպիսով պետք է արձանագրել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախխագիծը ստանում է դրական արդյունք: Շնորհավորում եմ, պարոն Սարգսյան»,-ասաց նիստը վարողը:

Սրան հետևցին ծափահարություններ:

Նշենք, որ Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: