«Նյու Յորք թայմսն» անդրադարձել է Թուրքիայի տնտեսության վիճակի վատացմանը

Թուրքիայի տնտեսության մեջ վերջին շրջանում առաջացած խնդիրներին անդրադարձել է նաև ամերիկյան New York Times-ը  պարբերականը: «Թուրքիայի տնտեսության վիճակն ինչո՞ւ այսքան վատացավ» վերնագրով հոդվածում հեղինակը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակից առաջ էլ Թուրքիան ձգտում էր հետաձգել ֆինանսապես մաշվելու գործընթացը, ինչն ավելի արագացավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության հետևանքով:

«Թուրքիայում տնտեսության վատ վիճակի մասին վկայող նշաններն ամենուր են: Զեղչով հաց վաճառող կրպակների դիմաց օձաձև հերթեր են գոյանում: Դեղերի, կաթի, զուգարանի թղթի գները աճում են: Որոշ բենզալցակայաններ փակվում են բենզինի պաշարրը սպառելուց հետո: Փողոցում զայրացած մարդիկ վիճաբանում են միմյանց հետ»,- գրել է հոդվածի հեղինակ Պատրիսիա Կոհենը:

Ըստ հեղինակի՝ Թուրքիան, պայքարելով լիրայի կտրուկ արժեզրկման, աճող պարտքի ու գնաճի դեմ փորձում էր իրենից հեռացնել տնտեսության ռեցեսիան (դանդաղումը):

«Սակայն դանդաղ շարժվող այդ գնացքը վերջին շաբաթներին շատ է արագացել: Գազի ոտնակը սեղմողն էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն է»,- գրում է Կոհենը:

Հեղինակը նկատել է նաև, որ լիրայի արժեզրկման, գնաճի, մարրդկանց սննդի ու վառելանյութի հասանելիության նվազման հետևանքով նվազում է նաև նախագահի վարկանիշը, իսկ ընդդիմությունը քաջալերվում է: