Մենք կարող ենք և պետք է միաբան լինենք

Տարեմուտի այս օրերին ամեն մարդ հետահայաց վերլուծություն է անում, թե ինչ օգտակար գործ արեց իր և իր հարազատների համար, արդյոք որևէ սխալ թույլ չի՞ տվել, գիտակցված կամ անփութորեն վատություն չի՞ արել մարդկանց…
Սակայն հաճախ մոռանում ենք, որ նույն կերպ հետահայաց վերլուծություն պիտի անի մեզնից յուրաքանչյուրը՝ իր երկրի ու ժողովրդի հանդեպ ունեցած պատասխանատվության սահմաններում…
Մինչդեռ վերջին տարիներին որոշ լրագրողներ, քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ, սոցցանցերի օգտատերեր իրենց անպատասխանատու հարցազրույցներով և գրառումներով այնքան են թեժացրել ատելությունը մեր միջև և միմյանց հանդեպ, որ ժողովուրդը, այսինքն՝ մենք բոլորս, բարոյահոգեբանական ծանր վիճակում ենք հայտնվել պարտադրված պատերազմի և նույնքան պարտադրված պարտության ու հազարավոր զոհերի պայմաններում…

Մենք, փոխանակ հավաքենք մեր համազգային ներուժը և հզորացնենք մեր
Հայրենիք -պետությունը, դարձյալ ու վերստին ապահովություն ենք փնտրում օտար երկրներից ու երկրներում…Մենք այս պարտադրված պատերազմում տեսանք, որ ոչ մի այլ երկիր չկանգնեց մեր կողքին…Ինչո՞ւ ենք մեզ թույլ ու անպաշտպան զգում,

ի՞նչ չունենք մենք, Հայե՛ր ջան՝

Հայրենի՞ք, պետությո՞ւն, կռվող և հաղթող զինվոր ու զորավա՞ր, հրաշալի բնությո՞ւն, անմահական ջո՞ւր, խե՞լք՝ գիտության համար, հարուստ և համամարդկային արժեք ունեցող մշակո՞ւյթ, աշխատասիրությո՞ւն, կա՞մք, համառությու՞ն, ճկուն մի՞տք…

Այս բոլորը ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ….Ուրեմն գործի՛ դնենք մեր աստվածատուր հարստությունը հանուն Մեզ ու ՄԵՐ Հայրենիք -պետության…

Այսպես ասաց Արքայից Արքան.

-Այս էլ քանի դար

Աշխարհի փոշոտ քառուղիներում

Վատնում եք անփույթ

Արարչապարգև մեր Միտքը պայծառ՝

Այլոց լույս տալով:

Մեր Ոգին անպարտ և բազուկը հաղթ

Օտարներին են հաղթանակ բերել

Այս էլ քանի դար…

Մեր Մտքի կանթեղ, մեր Ոգու ճաճանչ

Անփույթ կորցրել եք ձեր երթի ճամփին

ԵՎ փոխարենը օտարության մեջ

Ոչի՛նչ չեք գտել…

Սիրելի՛ հայեր, լսենք Արքայից Արքայի ՀՈՐԴՈՐԸ…

Մեր պետությունը, որ նաև մեր Երկիրն է ու մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, այլ ո՛չ  թե
« էս երկիրը, էս ժողովուրդը», որ հաճախ ասում ենք մենք՝ օտարելով ու օտարվելով ինքներս մեզնից: Մենք ենք՝Հայ Ազգն ու Ժողովուրդը ու Մե՛ր Երկիրը, Մե՛ր պետությունը, որ բարեբախտություն է, որ այն նաև Մե՛ր Հայրենիքն է, ու Մե՛նք պիտի շենացնենք  այն…

Մինչև հիմա օտարներն ավերել ու քանդել են մեր պետությունն ու Հայրենիքը, կոտորել ու բռնագաղթի են ենթարկել մեր ժողովրդին, այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրի ապուպապին, պապին, հորը, մորը, քրոջը, եղբորը, և հենց իրեն, այինքն՝ ինձ, քեզ, նրան․..

Իսկ մենք շենացրել ենք ու շարունակում ենք շենացնել այլոց հայրենիքը ու ծառայել ամենանվաստ ազգերին անգամ …Վիրավորական է սա հայերիս համար…..

Եկե՛ք ընդդիմանանք այս ՀԱՅԱՍՓՌՈՒՄԻՆ …ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԿԱՐԱՑՄԱՆՆ ՈՒ…լեզուս չի պտտվում, ու ձեռքս չի գրում…

Մենք կարող  ենք այս ապիկար քաղաքական «գործիչներին»՝ իշխանական և «ընդդիմադիր» համարվող  միացյալ ուժերին  հակազդել ՝ մեր հայրենիքում ապրելու, մեր պետությունն ու Բանակը հզորացնելու,մեր ապահով ու հաղթական խաղաղությունը   կայացնելու մեր անկոտրում կամքով,,,

Մենք դա կարող ենք և պետք է անենք:
Երնեկ թե այս Նոր Տարին մաքրի մեր հոգիների ու մտքերի վրա միտումնավոր շաղ տված մաղձն ու թշնամանքը…

Այսօր ևս ուժի մեջ է Արքայից Արքայի հորդորը և հավատը.

-Մենք դեռ կարող ենք գծել նորովի
Եռաթև նետի սլացքով անկանգ
Սահմաններն Հայքի…
Մեծ հավատով առ Ազգս Հայոց՝

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս