Ինչո՞ւ է աշխուժացել Էդմոն Մարուքյանը, ո՞րն է նրա դերը քաղաքական դաշտում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Q & Q միջազգային հետազոտական ընկերության հայաստանյան Armglobal Researche ներկայացուցչության տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Ավետիսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, հարցադրմանը, թե հետևություն կարելի՞ է անել, որ իշխող ուժը զգալիորեն հեղինակազրկվել է հանրության շրջանում, կորցրել վստահությունը, Արտակ Ավետիսյանն ասաց, որ այդ հանգամանքը ևս դեր է խաղացել ընտրությունների արդյունքների վրա։ Սակայն կարևոր հանգամանք է նաև այն, որ ՏԻՄ ընտրություններում այլ կողմնորոշիչներ են գործում՝ ի տարբերություն համապետական ընտրությունների, և դրանցում հաշվի է առնվում նաև տվյալ համայնքում թեկնածուի ունեցած վարկանիշը՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից։

Անդրադարձանք ընտրություններից հետո իշխանությունների կողմից մի քանի համայնքների հնարավոր ղեկավարների դեմ կիրառվող ճնշումներին, նրանց ձերբակալություններին և կալանավորումներին։ Դեկտեմբերի 9-ին կալանավորվեց «Միասնական Վարդենիս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը, ապա մեղադրանք առաջադրվեց մյուս դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի կնոջ նկատմամբ. նրան գիշերով բերման ենթարկեցին: Այդ ամենից բացի, երեկ էլ հետապնդում սկսվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ, ում գլխավորած դաշինքը ևս այս ընտրություններում ավելի շատ ձայն էր հավաքել, քան ՔՊ-ը։ Նրան երեկ ձերբակալեցին: Թալինում ՔՊ-ն կարողացավ հասնել իր ցանկալի արդյունքին, և իրենց թեկնածուն հաղթեց՝ մյուսների ճնշման գնով։ Ախուրյանում, Գորիսում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում, մի շարք այլ համայնքներում նույն բռնաճնշումների շղթան է:

Յուրօրինակ հալածանքներ են սկսվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ։ Դեկտեմբերի 12-ին էլ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ հոդված հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շփվել է գեներալների, Ռոբերտ Քոչարյանի հետ, շեղվել ՔՊ ուղուց, անմիջապես հաջորդ օրը սկսվեցին ճնշումները Հայկ Մարությանի նկատմամբ: ՔՊ-ականները ստորագրահավաք են սկսել Հայկ Մարությանի հրաժարականի պահանջով։ Ինչո՞ւ ներկայիս քաղաքապետն այլևս ձեռնտու չէ այս իշխանություններին, և ո՞վ կփոխարինի նրան։ Հետաքրքրվեցինք Արտակ Ավետիսյանից։

Մանրամասները՝ տեսանյութում