Ռուս խաղաղապահները 10 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են 10 տոննա մարդասիրական բեռով շարասյան անվտանգությունը Երևանից Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր Երևանից Ստեփանակերտ է ժամանել 10 տոննա մարդասիրական բեռ։ Տաք վերմակներ, մանկական խաղալիքներ, կոնֆետներ և հագուստ։ Այս ամենը կնվիրեն Լեռնային Ղարաբաղի երեխաներին ամանորյա տոների նախաշեմին»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Բարեգործական կազմակերպությունների մարդասիրական բեռը Մոսկվայից հասցվել է ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Լեռնային Ղարաբաղի քաղաքների և հեռավոր շրջանների անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաների համար բեռների շրջանակներում առաքվել են տաք հագուստ և վերմակներ, կոնֆետներ, մանկական խաղալիքներ, սեղանի և ուսուցողական խաղեր։

«ՄԵՐՍԻ» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան և ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր Ստեփանակերտ են բերել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը։ Մարդասիրական օգնությունը հիմնականում ուղղված է սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Խաղալիքներ, քաղցրավենիք, որոնք կբաժանվեն բնակավայրերին, քանի որ Ամանորի տոների նախաշեմին ենք։ Նաև չորս հարյուր կտոր վերմակ է բերվել։ Շնորհակալ եմ ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցության համար, և ես ավելի քան վստահ եմ, որ մեր փոխադարձ գործունեությունը կլինի նույնքան արդյունավետ, որքան հիմա էր, և ես ցանկանում եմ յուրաքանչյուրիս խաղաղ երկինք, ուրախություն և երջանկություն մաղթել»,- ասել է «ՄԵՐՍԻ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։

Ռուս խաղաղապահները պարբերաբար միջոցառումներ են անցկացնում տեղի բնակիչների հետ աշխատելու, տեղեկություններ հավաքելու նրանց մասին, ովքեր առավել շատ օգնության կարիք ունեն, շփվում են բարեգործական կազմակերպությունների հետ և անհրաժեշտ մարդասիրական օգնություն են փոխանցում Լեռնային Ղարաբաղի մանկական ուսումնական հաստատություններին և ընտանիքներին:

Տեղեկատվության հավաքումից և մշակումից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները նախատոնական և ամանորյա տոներին մարդասիրական ակցիաներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի կողմերի սահմանամերձ հեռավոր բնակավայրերում։