Ալիևի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը․ Փաշինյան

Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին, ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից չեմ ուզում թերագնահատել։ Սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, հույս ունեմ, որ ճշգրիտ ձևով կիրագործենք: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բրյուսելում տեղի ուենցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը և պայմանավորվածությունը»,- ասաց նա՝

հիշեցնելով, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ զբաղվող եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան խմբի քննարկումների արդյունքում։

«Ուզում եմ ընդգծել, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Հայաստանը այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան, Ռուսաստան, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևան»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հաջողվի որոշակի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ներառել: Նա նշեց՝ ըստ էության Երախսից դեպի Գյումրի երկաթուղի գոյություն ունի, և Գյումրուց Կարս երկաթուղի ևս գոյություն ունի։

«Մենք պետք է սկսենք շինարարությունը, իհարկե, մինչ բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, որոնց մի մասը արդեն իսկ արված է, բայց հիմա գործնական, ամենօրյա աշխատանքով պետք է լուծենք այս խնդիրը»,-ասաց նա և հայտնեց, որ ավելի նեղ կազմով պետք է խորհրդատվություն անցկացնեն։

Նրա խոսքով, այն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային միջավայրը և առաջիկայում պետք է կենտրոնանալ այս խնդրի լուծման հետ կապված։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումները շարունակել»,- հավելեց Փաշինյանը։