Վեդիում ՔՊ-ը և «Հանրապետությունը» ինքնաբացարկ են ներկայացրել

««Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը:

«Դիմումները քննարկվելու են այսօր` ժ.11։00-ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։

Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին։

#Ապագա_կա_Վեդի

Եվ այդ ապագան միասին ենք կերտելու», – գրել է Սարգսյանը:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Արարատի մարզի Վեդի համայնքում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է 44 %, «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 39 %, իսկ ավագանի անցած մյուս ուժը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 17 % ձայներով։

«Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը  հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։