Մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը. Արա Այվազյան

Երեկ հայտարարվեց, որ և Հայաստանը, և Թուրքիան պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչ նշանակել երկխոսության ծավալման համար, և հայտնի ֆիլմը հիշելով, ասում են՝ բարեկամների հետ մոտիկ եղիր, բայց թշնամիների հետ ավելի սերտ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:

Նա հիշեցրեց, որ տարբեր ժամանակներում Հայաստանի կողմից եղել է ձգտում առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ. «Անշուշտ, պետք է տարբերակել նորմալ պայմաններն ու այսօրվա իրավիճակը, հատկապես Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը վերջին պատերազմում, և հնչեցվող նոր նախապայմանները Հայաստանի նկատմամբ: Շատ կարևոր է, որ մեր ԱԳՆ-ի գործընկերները շատ լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները: Ես այսօր ուշադրություն դարձրի, որ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ առանց որևէ նախապայմանների է լինելու: Մյուս կողմից տեսնում ենք, որ մեկնարկ տրվեց «3+2» գործընթացին, և ես հուսով եմ, որ մեր դիվանագետները շատ լավ հաշվարկում են այն սպառնալիքները, այն մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ այս ֆորմատի հետագա աշխատանքի հետ կապված»,-ընդգծեց նախկին նախարարը:

Հարցին, թե որքանով կարող է այդ նոր ֆորմատը խանգարել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, Արա Այվազյանը պատասխանեց. «Պաշտոնական Երևանի կողմից հայտարարվում է, որ «3+2» ֆորմատը չպետք է կրկնի գործառույթները, որոնք տեղի են ունենում այլ ֆորմատներում, բայց մեզ քաջ հայտնի են և Անկարայի, և Բաքվի հայտարարություններն ու նպատակները: Ես մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը: Վստահ եմ, որ մեր գործընկերները դա լավ հաշվարկում են»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել էին, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Էդուարդ Աղաջանյանն ասաց, թե դեռ որոշված չէ՝ ով է լինելու Հայաստանի ներկայացուցիչը։