Եգիպտոսում գտնվող Արթուր Դավթյանին հրավիրել են այց կատարել Եգիպտոս

Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով Շարմ Էլ Շեյխ քաղաքում է գտնվում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա հանդիպում է ունեցել համաժողովում Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչ, Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Համադա Էլ Սավիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:

Դատախազության փոխանցմամբ, Արտակ Դավթյանը նշել է, որ 2007թ. Կահիրեում քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի կնքումից հետո ՀՀ դատախազությունը տարիներ ի վեր քրեական գործերով հաջողությամբ համագործակցել է Եգիպտոսի իրավասու մարմինների հետ:

Սակայն հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և հատկապես վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների էապես մեծացման հանգամանքը, դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը, առկա է երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու և այն առավել համակարգված դարձնելու կարիք:

Եգիպտոսի գլխավոր դատախազի տեղակալ Համադա Էլ Սավին Հայաստանի գլխավոր դատախազին փոխանցել է ԵԱՀ գլխավոր դատախազի հրավերը՝ առանձին այց կատարելու Եգիպտոս և առավել դետալային քննարկելու ընդհանուր հետաքրքրության հարցերը, երկու երկրների դատախազությունների կարիքներից բխող ծրագրերի պլանավորման և իրականացման, այդ ամենը համագործակցության հուշագրով ամրագրելու հնարավորությունները:

Հայաստանի գլխավոր դատախազը սիրով ընդունել է հրավերը:

Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանը մեկնարկել է երեկ, այն կտևի հինգ օր։