«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10222756249920592&id=1405208089 ։

«Ամփոփելով Երևանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ հայտնում ենք.

– Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:

– Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ ուղղությամբ:

– Քաղաքային իշխանությունը հետևողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ և արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից», – գրել է Հակոբ Կարապետյանը։