Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 8

Սկիզբը` այստեղ 

Նիկոլ հողատուն երբ հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սիրալիր ժպտում է, բարեկամաբար, ջերմորեն ողջունում ու ողջագուրվում, հարգալից զրույց վարում և այդ զրույցի ընթացքում քանիցս շնորհակալություն հայտնում ՌԴ առաջնորդին:

Չնայած վերոնշյալին, Նիկոլն այստեղ` Հայաստանում, ԱՄՆ-ի վասալ պետություններում, Արևմուտքում կատարում է քայլեր, հանդես գալիս հայտարարություններով, որոնք լրջորեն հարվածում են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերություններին և միանգամայն իրական և էական սպառնալիք են պանթուրքական ծրագրի իրագործմանը հետամուտ Թուրքիայի և Ադրբեջանի առջև կանգնած Հայաստանի ազգային անվտանգությանը:

Դե, եթե ԱԱԾ ունենայինք, ԱԱԾ կոչվածն իսկապես ԱԱԾ լիներ, Նիկոլի հարցերը վաղուց լուծած կլիներ… Չգիտենք` նենգադուլի՞ մեջ է, դավաճանները կամ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի հատուկ ծառայությունների գործակալներն այնտե՞ղ էլ են բույն դրել, թե անզոր է ու թողել է, որ իր գործն, իր փոխարեն, ուրիշներն անեն…

Նիկոլի եթե ոչ հանձնարարությամբ, ապա, կարծում ենք, առնվազն գիտությամբ նույն կերպ են վարվում նաև նրա իշխանության մասը հանդիսացող մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև` «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը:

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ս. թ. հոկտեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շնորհավորանքներ է փոխանցել ռուս ժողովրդին վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ…

Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում: Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել է խորհրդարանների դերը երկկողմ փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում… Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:

Եվ, ահա, այդ նույն Ալեն Սիմոնյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով, այսպես կոչված, «Լավրովի պլան»-ին, Ղարաբաղի հանձնման տարբերակներից մեկը համարել է «Լավրովի պլանը»` դրանով իսկ Հայաստանում սերմանելով հակառուսական տրամադրություններ, ինչպես նաև ամրապնդելով հայաստանյան հասարակության մի զգալի մասի շրջանում «Ազգային ժողովրդավարական բևեռ» կոչվածի և սորոսական այլ ուժերի գործունեության արդյունքում արդեն իսկ ձևավորված հակառուսական տրամադրությունները:

«Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնողի հայտարարություններն այնքան են հեռու եղել իրականությունից ու նույնիսկ ծայրաստիճան զրպարտչական բնույթ ունեցել, որ ՌԴ ԱԳՆ-ն չի կարողացել դրանք չտեսնելու տալ ու հարկադրված արձագանքել է, թեև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ողջ նրբությունը և այդ հարաբերությունների փչացման դեպքում երկու կողմերին սպառնացող վտանգը հաշվի առնելով, կցանկանար լռել, եթե այդ հայտարարությունները հանդուրժելիության սահմաններում լինեին:

«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ, նման մտացածին իրողություններին է պատկանում նաև «Լավրովի պլանը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, արձագանքելով «Լավրովի պլան»-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

ՌԴ ԱԳՆ-ում հավելել են նաև, որ «հանձնելու» մասին խոսք լինել չի կարող, քանի որ խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծման մասին է։

«Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղի «հանձնման» մասին անհեթեթ մտքերը, այլև, ըստ էության, համաձայն են նման անհիմն դատողությունների հետ»,- նշել են Ռուսաստանի արտգործնախարարությունում (ՌԴ ԱԳՆ վերոնշյալ արձագանքին հանգամանորեն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://ria.ru/20211203/mid-1762033786.html

Կատարվածը, ըստ էության, դիվանագիտական սկանդալ կարելի է համարել միմյանց հետ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող երկու պետությունների միջև, բայց այդ սկանդալը դեռ չհարթված, կատարվում է հակառուսական հաջորդ քայլը, այս անգամ` անձամբ Նիկոլ հողատուի կողմից: Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը համաձայնել է մասնակցել դեկտեմբերի 9-10-ը Միացյալ Նահանգներում կայանալիք, հակառուսական, հակաչինական, հակաիրանական ուղղվածություն ունեցող «Հանուն ժողովրդավարության» հեռավար գագաթնաժողովին, ընդունել է այդ կապակցությամբ ԱՄՆ-ի հրավերը և հայտարարել այդ մասին:

Վերոնշյալ գագաթնաժողովին Նիկոլի մասնակցելու առնչությամբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այսօր «Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է» վերտառության ներքո գրել է .

«Աշխարհը մերոնց- ձերոնց, ժողովրդավարների ու բռնապետերի, այս իշխանությունների ամենասիրելի՝ սեւերի ու սպիտակների բաժանելու աշխարհաքաղաքական պատկերը նոր երանգեր է ստանում:

Դեկտեմբերի 9-10-ը Միացյալ Նահանգներում կայանալու է «Հանուն Ժողովրդավարության» հեռավար գագաթնաժողովը: Դեռ տարեսկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է. «Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում և այսուհետ չի վարանելու առավել կոշտ դիրքորոշում բանեցնել ավտորիտար երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի հանդեպ»: ԱՄՆ-ում Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպաններն իրենց՝ օրերս հրապարակած համատեղ հոդվածում արդեն նշել են, որ գագաթնաժողովը միտված է Ռուսաստանի և Չինաստանի դեմ և ունի սառը պատերազմի՝ անջատողական միտում:

Եվ ահա, ժողովրդավարության անվան ներքո աշխարհը երկու մասի բաժանելու՝ դեկտեմբերի 9-ից 10-ի գագաթնաժողովին չեն մասնակցելու ո՛չ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ո՛չ բարեկամ Չինաստանը, ո՛չ բարեկամ Իրանը, ո՛չ ՀԱՊԿ անդամ որեւէ պետություն: Լինելու են «հեղափոխության» երկրներ Ուկրաինան, Վրաստանը, լինելու է Թայվանը, Բելառուսում հեղափոխական ֆիասկո ապրած Տիխանովսկայան (ի դեպ, ներկայացնելու է բելառուս ժողովրդին) եւ, իհարկե, «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը / ի դեպ, մասնակցելու է ամենեւին ոչ ժողովրդավարության բաստիոն համարվող Անգոլայի, Կոնգոյի, Քենիայի, Մալայզիայի, Պակիստանի ու Զամբիայի ղեկավարների հետ/:

ԱԺ ամբիոնից Իրանին ավտորիատար երկիր անվանող, Լավրովին Հայաստանի եղանակային շոգ պայմաններին հարմարվելու կոչ անող, Ռուսաստանում ոչ դիվանագիտական բառապաշարով «Լավրովյան պլանի» մասին խոսող ու ոչինչ չտվող՝ հակաչինական Կրոնական ազատության միջազգային դաշինքին միացող իշխանությունն ինքն իրեն կդավաճաներ, եթե ամենահարմար պահը չընտրեր այս հակառուսական, հակաիրանական, հակաչինական գագաթնաժողովին մասնակցելու մասին հայտարարությունն անելու համար: Նոյեմբերի 16-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Սյունիք, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ավետում է այդ լուրը: Նույն հարցազրույցի ժամանակ բանավոր դիմում Ռուսաստանին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով: Կրկնում եմ՝ նույն հարցազրույցի ժամանակ, հենց այն պահին, երբ բանակցություններ էին ընթանում ռուսական կողմի հետ՝ նրա միջնորդությամբ Սյունիքում կրակը դադարեցնելու, մի քանի տասնյակ գերեվարվածներին վերադարձնելու, անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։

Եվ հիմա Փաշինյանը, Զելենսկին, Տիխանովսկայան ու, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները միասին քննարկելու են «ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերներին համատեղ ուժերով արձագանքելու, ավտորիտարիզմին դիմակայելու հարցերը»: Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկներում, անվտանգային լրջագույն մարտահրավերների առջեւ եւ ունի հաշված դաշնակիցներ ու բարեկամներ: Ամենատարբեր իրավիճակներում ճարպկության մաստեր կլասների վարպետ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի ժամանակ հակառուսական, հակաչինական, հակաիրանական այս արշավին մասնակիցը չդառնալու համար»:

Այո, դեռ ունի ժամանակ, բայց գրեթե 100 տոկոսով համոզված ենք, որ վերոնշյալ համաժողովին` հակառուսական, հակաչինական, հակաիրանական այս արշավին մասնակցելուց չի հրաժարվի, որովհետև Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան