Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 7

Սկիզբը` այստեղ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես երեկ հայտնի դարձավ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից, 2021թ.  նոյեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և «Զանգեզուրի միջանցք» կոչվածի բացման որոշակի ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով:

«Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ,- ասել է Ալիևը:- Պատերազմի ժամանակ կային ուժեր, որոնք փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեպ, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան կանգնեցնել մեզ: Ես ասում էի, որ մեզ հայտնեն ամսաթիվը, թե երբ կազատեն մեր հողերը, և մենք կդադարեցնենք: Այսօր նույնն եմ ասում: Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի»:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ իրենք «ինչին ուզում են հասնել, հասնում են»: «Լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով, բանակցությունների և փոխըմբռնման եղանակով»,- ասել է նա:

Ալիևն այսպիսով, թեկուզ անուղղակի, բայց բավական անթաքույց ու հստակ կերպով Հայաստանին սպառնացել է նոր պատերազմով և «Զանգեզուրի միջանցք» կոչվածն ուժով, ռազմական ճանապարհով բացելու Ադրբեջանի մտադրության մասին, եթե Ադրբեջանին Սյունիքով միջանցք տրամադրելու հարցը բանակցություններով չլուծվի: Ադրբեջանի նախագահը «Զանգեզուրի միջանցք» կոչվածն ուժով բացելու հույս ունենալ և այդ հնարավորության մասին ակնարկել կարող էր միայն երկու դեպքում.

Առաջին. Նիկոլ հողատուի հետ պայմանավորվածություն ունենալու դեպքում, որ երբ Ադրբեջանի ԶՈւ-ն բլիցկրիգով կբացի Զանգեզուրի միջանցքը, Նիկոլը, Հայաստանի իշխանությունները սահմանված ընթացակարգով չեն դիմի ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի ռազմական օգնությանը, ինչպես Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի նախորդած դեպքերում: Այսինքն` սոսկ բանավոր կերպով կդիմեն կամ եթե նույնիսկ գրավոր, ապա ոչ իրավական առումով սահմանված ընթացակարգով, մի խոսքով, դերասանություն կանեն, հանդես կգան ձևական հայտարարություններով, դիմումներով` հանրությանը մոլորեցնելու և Հայաստանում հերթական անգամ հակառուսական տրամադրություններն առաջացնելու համար:

Երկրորդ. երբ տեղյակ է, որ շուտով սկսվելու է ռուս-ուկրաինական մեծ պատերազմ, ու հույս ունի, որ այդ ընթացքում Ռուսաստանը Թուրքիայի հետ իր համար նույնպես վտանգավոր պատերազմից խուսափելու համար չի կարողանալու օգնել Հայաստանին, չի հարվածելու Ադրբեջանի բանակին, եթե վերջինս այդ ընթացքում ռազմական ճանապարհով բացի Զանգեզուրի միջանցքը: Այս դեպքում, սակայն, ի տարբերություն նախորդի, Ալիևի հաշվարկները կարող են ընդհանրապես չարդարանալ, ավելին` ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան էլ աշխարհի քաղաքական քարտեզից որպես պետություն կարող է վերանալ:

Հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչին է հաջորդել «Զանգեզուրի միջանցք» կոչվածը բացելու ժամկետ նշելու վերաբերյալ Հայաստանին ներկայացված Ալիևի պահանջը:

Սոչիում նոյեմբերի 26-ին Նիկոլ-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման ընթացքում ու դրանից հետո, ինչպես նաև նոյեմբերի 27-ին Պուտինի հետ երկկողմ հանդիպումից առաջ կամ հետո Ադրբեջանի նախագահն իր հրապարակային հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ ոչինչ չասաց, խոսքը միայն տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման, Ադրբեջանին Սյունիքով Նախիջևանի և Թուրքիայի հետ կապվելու համար ցամաքային ճանապարհ տալու մասին էր:

Սակայն ընդամենը մեկ օր անց Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջնորդների 15-րդ գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս, Ալիևը դարձյալ խոսել է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին ու նույնիսկ համարել, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նույն գագաթնաժողովի ընթացքում ելույթ ունենալով, նույնպես խոսել է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ, հայտարարել դրա «կարևորության» մասին:

Ինչպես հայտնի է, Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կայացել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ, որը, սակայն, որևէ արդյունք չի արձանագրել:

Հայտնի է նաև, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը: Այսինքն` Սոչիում նոյեմբերի 26-ին երկրների ղեկավարների կողմից համաձայնեցված որոշում է ընդունվել նաև Ադրբեջանին Սյունիքով Նախիջևանի ու Թուրքիայի հետ ցամաքային ճանապարհով տրանսպորտային (ավտոմոբիլային, երկաթուղային) հաղորդակցության հնարավորություն ընձեռելու վերաբերյալ:

Սակայն վերոնշյալ, ինչպես նաև Սոչիում համաձայնեցված կերպով ընդունված մյուս որոշումների մասին հիշյալ աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում կամ դրանից հետո չի հայտարարվել, աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ի նիստն ընդհատվել է: Փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը»  դեկտեմբերի 2-ին հայտնել են, որ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած նիստը կշարունակվի մոտակա օրերին, սակայն առ այսօր այդ նիստը չի շարունակվել և Պուտինի հիշատակած որոշումները չեն հրապարակվել:

«Ազատության» եթերում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը փոխվարչապետների դեկտեմբերի 1-ի մոսկովյան հանդիպման առնչությամբ հայտնել է, որ «Չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»:

Կան հիմքեր` եզրակացնելու, որ կողմերը համաձայնության չեն եկել այն պատճառով, որ Հայաստանն աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ի նիստի ընթացքում մերժել է իր ինքնիշխան տարածքով Ադրբեջանին միջանցք (այսինքն` ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կամ այլ պետության հսկողության ներքո գտնվող ճանապարհ) տալու վերջինիս պնդումը, քանի որ Նիկոլը շատ լավ հասկանում է, թե համաձայնելն ինչ հետևանքներ է ունենալու իր համար: Այս կապակցությամբ «Հայաստան» դաշինքից Սայաթ Շիրինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է .

«Ալիևը «Զանգեզուրի» միջանցքի բացման հստակ ժամկետներ է պահանջում։

Անգամ ռազմատենչ հայտարարություններ անում ու սպառնում։

Այո, պահանջում է ու սպառնում։

ԵՎ այդ փաստը ապացուցում է, որ կա բանավոր պայմանավորվածություն իր և նիկոլի միջև։

Սակայն նիկոլը լռում է, փորձում է մանյորվել, խուսափել, դրժել իր խոստումը, շատ լավ հասկանալով, որ նման միջանցքի տրամադրումը կլինի իր իշխանության վերջը։

նիկոլը կանգնած է երկընտրանքի առաջ. կամ համաձայնվում է տրամադրել  միջանցքը, որը սակայն կդառնա իր իշխանության գերեզմանափորը, կամ մերժում է ու հրաժարական տալիս։

Բայց վստահ եմ, որ նիկոլը կընտրի երրորդ ճանապարհը՝ կձգձգի ու կհրահրի նոր բախում, Ալիևին հնարավորություն տալով ռազմական ճանապարհով լուծել միջանցքի հարցը, որ ինքը փորձի դարձյալ ջրից չոր դուրս գալ։

Արդյունքում կունենանք և մարդկային և  տարածքային կորուստներ։

Հայաստանը ներքաշված է սահող պատերազմի մեջ։

Այդպես է ստացվում, երբ արժանապատիվ խաղաղության փոխարեն, հասարակությունը նախընտրում է խաղաղություն ամեն գնով, անգամ՝ ստորացման ու նսեմացման»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան