Մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, սակայն մենք շարունակում ենք ապրել և ապրեցնել․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրել է․ «1988 թվականի ավերիչ երկրաշարժի հազարավոր անմեղ զոհերն ու մեր երկրին բաժին հասած դառնությունները դեռ արթուն են մեր սրտերում:

Ինչպես ժողովուրդն է ասում ՝ «երկիրը քանդվեց», և այո՛, մի քանի վայրկյանում փոշիացավ տասնամյակների կառուցածն ու ստեղծածը՝ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը և բազմաթիվ այլ բնակավայրեր հողին հավասարվեցին:

1988-ից ի վեր մեր աշխատասեր ժողովուրդը կառուցում և նորոգում է քանդվածը, ավերվածը:

Մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, սակայն մենք շարունակում ենք ապրել և ապրեցնել, ուրախանալ և ուրախացնել, կրկին արարել ու ստեղծել, ինչպես դա միասնաբար արեցինք 1988-ին և դրանից հետո:

Սա՛ է մեր՝ որպես ազգի հարատևության բանալին:

Առաջիկա տարիները դեռ լինելու են վերելքի ու զարգացման տարիներ ինչպես մեր երկրի, այնպես էլ երկրաշարժի հետևանքով աղետի գոտի հռչակված հյուսիսի համար:

Թող լույս իջնի երկրաշարժի անմեղ զոհերի շիրիմներին:

Աստված պահապան մեզ բոլորիս…»։