Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 6

Սկիզբը` այստեղ

 

Ադրբեջանի նախագահն ասում է, որ որտեղ ուզի կկանգնի, ի՞նչ է նշանակում դա։ Այսինքն` մենք պետք է հասկանանք՝ նոր աշխարահակա՞րգ է գործում։  Այս մասին նոյեմբերի 23-ին Ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ հողատուն:

Նրա խոսքերով, սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա․ «Վարձկանների ներգրավումը դառնում է նոր իրավունք,- ասաց Նիկոլը:- Եվ սա է պատճառը, որ Հայաստանն այսօր հարցերի քննության մի քանի հարթաներ է օգտագործում, այդ թվում՝ Հաագայի միջազգային դատարանը։ Հետևաբար մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պահվածքն ավելի լայնորեն պետք է դառնա քննարկման առարկա՝ ոչ միայն եռակողմ ֆորմատում, ոչ միայն ՀԱՊԿ-ում, ոչ միայն ՄԱԿ-ում, ոչ միայն ՄԻԵԴ-ում։ Ես պատրաստվում եմ մասնակցել նաև Ժողովրդավարության գագաթնաժողովին, որն առցանց է լինելու։ Նաև այնտեղ եմ պատրաստվում այս հարցը բարձրացնել»։

Բնականաբար, հարց է առաջանում` իսկ Նիկոլն Ադրբեջանի պահվածքը, Հայաստանի հանդեպ հայտարարությունները, գործողությունները եռակողմ (Հայաստան- Ադրբեջան- Ռուսաստան) ձևաչափում, ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ում քննարկման առարկա դարձրե՞լ է, որ ասուլիսի ընթացքում էլ խոսեց ՄԻԵԴ-ում այդ հարցը քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտության մասին: Իհարկե՛ ոչ: Համենայն դեպս, Նիկոլն ու նրա իշխանությունը Հայաստանի հանդեպ Ադրբեջանի վերոնշյալ ու մյուս գործողությունները և հայտարարությունները հավուր պատշաճի քննարկման առարկա չեն դարձրել:

Եվս մեկ մեջբերում նույն ասուլիսում Նիկոլ հողատուի խոսքից. «Այն, ինչ անում է Ադրբեջանը, դա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ժողովրդավարության վրա։ Մենք պատրաստվում ենք այս հարցը հետապնդել միջազգային բոլոր հարթակներում»։

Այո, Ադրբեջանի հայտնի գործողությունները հարձակում են Հայաստանի ինքնիշխանության, պետականության վրա (ժողովրդավարության մասին չենք նշում, որովհետև այն մեր երկրում գոյություն չունի), բայց Նիկոլն այս հարցը միջազգային բոլոր հարթակներում հետապնդելու իր խոսքի տերը եղա՞վ… Ընդամենը 3 օր անց` նոյեմբերի 26-ին, Սոչիում կայացած եռակողմ հանդիպման, բանակցությունների ընթացքում բարձրացրե՞ց այդ հարցը… Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, ԶԼՄ-ների համար բաց մասում հայտարարելը, թե «Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք», ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, պետականության վրա Ադրբեջանի հարձակման հարցի հետապնդումն է, այլ ընդամենը դրա երևութականության , այսինքն` հարցի հետապնդման սոսկ տպավորության ստեղծում:

Ի՞նչ է` Ալիևը Նիկոլի այդ գնահատականից հետո ահուդողի մեջ ընկա՞վ, թե՞ գոնե խոստացավ  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից, վերացնել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը… Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Ոչ էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևից պահանջեց Ադրբեջանի զորքերը հանել Հայաստանի տարածքից: Իսկ գիտե՞ ք ինչու: Որովհետև Նիկոլը բանակցությունների ընթացքում այդպիսի խնդրով կամ խնդրանքով չի դիմել Պուտինին, ու չէր էլ կարող դիմել այն պարզ պատճառով, որ Պուտինը շառաչուն ապտակի նման կհակադարձեր իրեն, կասեր` թող դուք, ձեր նշանակած պաշտպանության նախարարները, գլխավոր շտաբի պետերը թույլ չտային ադրբեջանական զորքերին մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, նրանք էլ չէին ներխուժի, չէին կարողանա ներխուժել, կամ երբ ներխուժեցին, ռազմական օգնության համար սահմանված ընթացակարգով դիմեցի՞ր Ռուսասռանին կամ ՀԱՊԿ-ին: Ու Նիկոլը պատասխանելու բան չէր ունենա… Կպապանձվեր:

Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման վերաբերյալ Սոչիում իր տված գնահատականից հետո կամ բացի, Նիկոլը նաև այնպիսի բաներ է ասել, որոնք զրոյացրել են իր նույնիսկ այդ` տպավորություն թողնելու համար տրված գնահատականը: Ամփոփելով Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ, Նիկոլն ասել է.

«Ուզում եմ հաստատել, որ մենք շատ դրական հանդիպում, խոսակցություն ունեցանք, քննարկեցինք օրակարգի փաստացի բոլոր հարցերը։ Սա ոչ թե հանդիպում էր, որպեսզի թաքցնեինք խնդիրները, այլ հանդիպում, որտեղ մենք բաց քննարկում էինք բոլոր հարցերը։ Եվ կուզենայի դրական համարել այն, որ շատ հարցերի մասով մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, և պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որևէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ»։

Իսկ ո՞րն է այդ հանդիպման, խոսակցության շատ դրական լինելը… Ալիևը խոստացել է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից հանե՞ լ…. Կամ գուցե արդեն հանել է, մենք տեղյակ չե՞ նք… Դե, հասկանալի է, որ այս հարցերը հեգնանքով ենք տալիս, Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացիան շարունակվում է, ավելին` Նիկոլի «բարեկիրթ» եղբայրն այդ առումով ոչ մի բան էլ չի խոստացել, հետևաբար ի՞նչ խոսք կարող է լինել հանդիպման, խոսակցության շատ դրական լինելու մասին:

Հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Նիկոլի այն խոսքին, որ քննարկել են օրակարգի փաստացի բոլոր հարցերը: Այդ դեպքում ստացվում է, որ քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը, բայց դրա փաստացի զրոյական արդյունքի դեպքում Նիկոլ հողատուն, իրեն բնորոշ ցինիզմով ու ստով, լկտիաբար հայտարարում է հանդիպման, խոսակցության շատ դրական լինելու մասին: Կամ էլ` Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը Նիկոլի կողմից դուրս է թողնված եղել օրակարգի հարցերից, այսինքն` ֆեյսբուքյան իր ասուլիսի ընթացքում պարզապես ստել է, թե «Մենք պատրաստվում ենք այս հարցը հետապնդել միջազգային բոլոր հարթակներում»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան