Աշոտ Մինասյանն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը․ պաշտպան

Հայաստանում այսօր դատաիրավական համակարգը գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան 3 տարի առաջ էր, 20 տարի առաջ էր, անգամ՝ 100 տարի առաջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Փաստաբանի խոսքով, այսօրվա քաղաքական իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի այլ կարծիք արտահայտող ցանկացած ուժի հանդեպ։

«Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված քննիչի պահանջի հիման վրա. 2020 թվականի նոյեմբերի 15-ին քննիչն ասում էր, որ Աշոտ Մինասյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի քննությանը ու, հնարավոր է, կատարի նոր արարք. Աշոտ Մինասյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ին չկալանավորվեց, մեկ տարի դեգերումներից հետո պարզվեց՝ քննիչը ճիշտ էր՝ Աշոտ Մինասյանը, հայտնվելով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի կամ կկատարի նոր անարք։ Այս տիպի աբսուրդ իրավաբանության իմ պրակտիկայում չեմ հանդիպել», – ասաց Պողոսյանը, հավելելով, որ ժամանակն արդեն իսկ ապացուցել էր, որ Մինասյանը չի թաքնվել, չի խոչընդոտել, որևէ նոր արարք չի կատարել։

Միհրան Պողոսյանը նշեց, թե այս իշխանությունը դատական համակարգն աղավաղելու ճանապարհով է գնում։ Ըստ փաստաբանի՝ այն դատավորները, որոնք պետք է արդարադատություն իրականացնեն, նրանց մեկուսացրել են, իսկ արդարադատություն հիմա իրականացնում են նրանք, որոնք պատրաստ են իշխանության քիմքին հաճո արդարադատություն իրականացնել։

Նա ասաց, թե երկու օր առաջ է հանդիպել Աշոտ Մինասյանին. տրամադրությունը բարձր էր. «Ինքն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու այս քրեական գործի փուչիկ լինելը», – ասաց Միհրան Պողոսյանը։