Ինչո՞ւ չկայացավ Միրզոյան-Բայրամով հանդիպումը․ Բաքվի մեկնաբանությունը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում նախատեսված հանդիպումը մերժվել է ադրբեջանական կողմից: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը.

«Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ է կայացել, որին մասնակցել է ադրբեջանցի նախարարը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են միջոցառման շրջանակում հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, սակայն նախատեսվող հանդիպումից ժամեր առաջ հայտնի է դարձել Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորների՝ Ադրբեջանի տարածք այցի մասին: Այդ գործողություններին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախարարների հանդիպումը նպատակահարմար չի համարել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այսպիսով, ադրբեջանական կողմը, «ի պատասխան Հայաստանի սադրանքի», «նպատակահարմար չի գտել» Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկացումը:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունը` ԱԺ պատգամավորներին Ստեփանակերտ գործուղելու մասին:

Ըստ այդ կարգադրության` «Համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 3-5-ը Ստեփանակերտ են գործուղվել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Լիլիթ Գալստյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Հակոբ Ասլանյանը, Կնյազ Հասանովը, նույն հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Մարինե Հակոբյանը և Ազգային ժողովի պատգամավորի օգնական Անուշ Բարեղամյանը»: