Հայ պատանիների ստեղծած սարքը կթռչի տիեզերք. մրցույթը կմեկնարկի գարնանը (տեսանյութ)

Մեկնարկել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ը, որը Bazoomq Space Recearch Lab-ի և HyeTech կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։

«Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի նպատակն է խթանել STEM կրթությունը՝ մասնավորապես ռոբոտաշինությունը, պատանիների և երիտասարդների շրջանում։ Նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, որը բացառիկ հնարավորություն է տալիս հաղթող թիմին գործնականում տիեզերք ուղարկել իր ստեղծած սարքը և իր մասնակցությունն ունենալ համաշխարհային ռոբոտաշինության և տիեզերական հետազոտությունների բնագավառում։

«Տիեզերքի հետազոտությունն արդեն երկար տարիներ է, ինչ մեծ հետաքրքրություն է առաջացնում սերունդների շրջանում։ «Քեմուրջյանի անվան տիեզերքի համաերիտասարդական մրցույթ»-ի նպատակն է ձևավորել ձեռնարկատիրական մտածելակերպ ունեցող գիտնականների և տեխնոլոգների երիտասարդ սերունդ, ովքեր հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու տիեզերական հետազոտությունների և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձը։ Այս մրցույթն աննախադեպ հնարավորություն է նրանց գաղափարները գործնականում ուսումնասիրելու, փորձարկելու և դրանք կյանքի կոչելու համար»,- նշել է HaYTech  կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Աստվածատրյանը։

Հայաստանում տարիների շարունակ գործում են բազմաթիվ ռոբոտաշինության խմբակներ։ Նրանցից ոմանք մի շարք միջազգային մրցանակների են արժանացել։ Այժմ ժամանակն է փորձարկել նրանց տիեզերքում։

«Քեմուրջյանի ավան տիեզերքի համաերիտասարդական մրցույթը» առաջին քայլն է գործնականորեն ցույց տալու, որ տիեզերքն այժմ հասանելի է ավելի քան երբեք։ Իսկ մեր համար առավել ևս կարևոր է դա ցույց տալ երիտասարդ սերնդին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով և իրենց իսկ մասնակցությամբ։ Նրանք են լինելու մեր զարգացող երկրի սեփական տիեզերագիտության ոլորտի առաջատարները. Քեմուրջյանները, Իոսիֆյանները…։ Նման բացառիկ հնարավորությունը շատ ոգեշնչող է և չափազանց հետաքրքիր»,- ասել է Bazoomq Space Research Lab-ի համահիմնադիր Հայկ Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութը