Ռուսաստանն էլ կարող է ներկել աշխարհի քարտեզը՝ ըստ «համացեղակիցների» բնակության. Սերգեյ Լավրով

Ռուսաստանը նույնպես կարող է ներկել աշխարհի քարտեզը «համացեղակիցների» բնակության տարածքներին համապատասխան, այդ գույները կտարածվեն աշխարհի գրեթե բոլոր շրջաններում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահին:

«Ես ամոթալի բան չեմ տեսնում համացեղակիցների կապը պահպանելու մեջ… Մենք էլ ունենք նման շրջանակ՝ կազմված մեր համացեղակիցներից և մեր հայրենակիցներից, մենք նույնպես կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով: Դա առաջին հերթին, ամբողջ հետխորհրդային տարածությունն է, դա իհարկե հսկայական թվով հայրենակիցներն են, որոնք ներկայացնում են ԽՍՀՄ-ի ժողովուրդներին, նաև Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում, ինչպես նաև Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, հենց Արգենտինայում»,- ասել է  նախարարը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում:

Հիշեցնենք, որ վերոնշյալ քարտեզն Էրդողանին նվիրել էր Թուրքիայի «Ազգային շարժման» ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: Գործիչների լուսանկարը՝ քարտեզը պահած, հրապարակվել էր սոցցանցում, որից հետո մեծ արձագանք էր ստացել ռուսական ԶԼՄ-ներում: «Թյուրքական աշխարհի» քարտեզում տեղ էին գտել Ռուսաստանի հարավային շրջանները, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզը, Իրանի և Մոնղոլիայի մի հատվածը: