ՊՆ-ը պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարի. կներգրավվի 70 բժիշկ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծ է հրապարակել։

Որոշվել է սահմանել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թիվը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահեստազորի սպայական կազմի արական սեռի քաղաքացիները՝ մինչև 35 տարին լրանալը, իսկ 4-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամկետը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և ռազմահաշվառական մասնագիտությունը, օրենքով նախատեսված ժամկետում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

Զորակոչ ու զորացրում կհայտարարվի 2021 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ։

Պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալները կուղարկվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ։

Գլխավոր դատախազին առաջարկվել է շարունակել պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը: