Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը

Շաբաթ օրը Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը բանակցություններ է վարել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։:

Ամիր-Աբդոլլահյանը, ով ուղեկցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին Թուրքմենստան կատարած այցի ժամանակ, Աշխաբադում հանդիպել և բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Իրանի արտգործնախարարը երկու երկրների համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և լրատվական տարբեր ոլորտներում «կարևոր» է համարել՝ դրական գնահատելով Ադրբեջանի փոխվարչապետի վերջին այցը Թեհրան։

Ամիր-Աբդոլլահյանը ողջունել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հանդիպման անցկացումը՝ այն համարելով կարևոր, արդյունավետ և կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։