Ողբերգական Չարենցը

Նոյեմբերի 27-ը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ողբերգական մահվան տարելիցն է։

Ներկայացնում ենք հատված՝ գրականագետ Դավիթ Գասպարյանի «Ողբերգական Չարենցը» գրքից մի հատված։

…Պատմում են, որ բանտախցի պատերին ՉԱՐԵՆՑԸ բանաստեղծություններ է գրել. ծխախոտի տուփերը խոնավացրել է, ստվարաթուղթը շերտ – շերտ անջատել և չորացած էջերին շարադրել իր ծանր խոհերը….

Հյուծված էր, կմախքի էր նման, հազիվ կարողանում էր խոսել: Մազերը խուզած, թմրադեղերի բացակայությունից արյունալույծ հիվանդությամբ տառապող բանաստեղծը անօգ պահերին «Քո՜ւյր, քո՜ւյր» էր կանչում, կարծելով և հուսալով, որ կգան ու կբուժեն իրեն, ու նաև տարակուսում էր վիճակի համար՝ դեռևս մտածելով արդարության մասին: Բայց արդարությունը վերջնականապես երես էր թեքել նրանից ու աշխարհից:

Անճանաչելիորեն հյուծված, օրեր շարունակ անշարժ վիճակում անկողնուն գամված բանաստեղծը մահացել է Երևանի բանտի հիվանդանոցում՝ 1937թ. նոյեմբերի 28-ի առավոտյան, 8 – 8. 30 -ի արանքում:

Ըստ այդ պահի ականատես հուշագրի՝ նրա վերջին խոսքերը եղել են այսպիսին.

«ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ՝ ՈՐՊԵՍ ՉԱՐԵՆՑ ՈՒ ԿԴԱՌՆԱՄ ՆՈՐԵՆ՝ ՈՐՊԵՍ ՉԱՐԵՆՑ»:

Սա արդեն վերջն է, արյունոտ ողբերգության վերջին արարը….

Գիշերով՝ նոյեմբերի 29 -ին, երբ բացվում էր Հայաստանի խորհրդայնացման 17-րդ առավոտը, նրա դին գաղտնի, աչքից հեռու պահ են տվել հողին:

Հայ բազմադարյան պոեզիայի բացառիկ հանճարներից ու 20 -րդ դարի համաշխարհային պոեզիայի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ աճյունը առ այսօր հանգչում է անհայտության մեջ՝ պատմություն դարձած օրերի խորքից մեզ հասցնելով նրա ողբերգական ձայնը.

Ում որ սրտում երգս հնչի՝ պայծառ, ջինջ,

Հիշի՛ թող նա, որ աշխարհից անցնելիս

Չարենցն ասաց՝ այս անիծյալ աշխարհում

Երանի ո՛չ մարդ լինեի, ո՛չ երգիչ…