Նախարարությունն արձագանքել է ՄԻՊ-ի՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի մասին հրապարակմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է հրապարակել՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների, մատուցվող ծառայությունների և այլնի մասին․

«Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մշտադիտարկման իրականացումն ու վստահեցնելով, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր եղած թերացումների շտկման համար՝ այդուհանդերձ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում ՄԻՊ-ի կողմից հրապարակված խնդիրների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ․

Նշենք, որ տուն-ինտերնատում, որը նախատեսված է 450 անձի համար, այժմ փաստացի խնամվում է 447 շահառու։ Ինչ վերաբերում է վերջիններիս կեցությանն, ապա ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարները, ցավոք, չեն արտացոլում հաստատության շենքային պայմանների ամբողջական պատկերը։ ՊՈԱԿ-ի բաժանմունքների մի մասը վերանորոգված է․ բարեկարգման մյուս աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ։ Բաժանմունքների մուտքերի հիմնական մասն ապահովված է թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամյալները կարող են անխոչընդոտ տեղաշարժվել։ Շահառուների սենյակներում վարդակների բացակայությունը պայմանավորված է նրանց անվտանգությամբ՝ հոգեբույժի ցուցումով:

Շենքային մյուս պայմանների վերաբերյալ՝ տեղեկացնում ենք, որ երեք տասնյակից ավելի սանհանգույցներն արդեն իսկ վերանորոգված են, մի քանիսը նախատեսվում է վերանորոգել։ Դրանցից միայն մեկն ունի շտապ վերանորոգման անհրաժեշտություն, գտնվում է շենքի չգործող հատվածում, որն էլ արտացոլվել է ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարում։

Ինչ վերաբերում է ժամկետանց բժշկական պարագաներին և լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ժամկետանց նյութերին, նշենք, որ փաստացի չօգտագործված ժամկետանց նյութերը խոտանվում են՝ օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։ Ուստի, անհրաժեշտ էր արձանագրել, որ նշվածները խոտանվելու են տարեվերջին՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։

Ավելին՝ https://bit.ly/3HTt06J