Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

1957 թ․  նոյեմբերի 25-ին Կալիֆորնիայի Վիսեյլիա քաղաքում ծնվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը (մարտական անունը՝ Ավո)։

20 տարեկանում ընդունվում է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում։ Լայն աշխարհընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թվականին։ Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը։ 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։

Մոնթեն Հայաստան է եկել 1991 թվականին` Արցախյան ազատամարտին մասնակցելու համար, հիմնել է «Հայրենասերների» ջոկատը, ապա ստանձնել Մարտունու շրջանի պաշտպանությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։

Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում` ադրբեջանական զրահամեքենայի(ԲՄՊ) կրակոցից:

Մոնթե Մելքոնյանի մտքերից

«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:

«Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն»:

«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա»:

«Ադրբեջանի կառավարությունը հաստատ որոշել է հայերին վտարել, հետևաբար՝ դիմադրելուց բացի այլընտրանք չկա: Մենք իրավունք չունենք այս անգամ էլ պարտվելու: Մենք պետք է հաղթենք»:

«Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է»:

«Առանց հստակ նպատակի և քաղաքական գծի հնարավոր չէ մշակել իրապաշտ ռազմավարություն, իսկ առանց ռազմավարության ցանկացած նպատակ անհասկանալի է»: