Նիկոլը նոր պատերազմ է բերելու հայերիս, տա Աստված` սխալվենք…

Նիկոլը, դատելով կատարվածից ու ներկայիս իրադարձություններից, ներառյալ` նախկին ու ներկա տարբեր հայտարարություններից, նոր պատերազմ է բերելու հայերիս, տա Աստված` սխալվենք:

Չկարծեք, թե ամեն ինչ արդեն ավարտված է, վտանգն անցել է:

«ՀՀ պաշտպանության նախարարություն» (այսուհետ` ՊՆ) կոչված «կանտորան» նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է:

Այո, ՊՆ կոչվածն այս անգամ չի ստել, իրադրությունը հարաբերականորեն կայուն է եղել նաև նոյեմբերի 18-ին և այսօր, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է: Սակայն գիտե՞ք, թե իրավիճակն ինչու է հարաբերականորեն կայուն վերջին երկու օրում, ինչու Հայաստանի սահմանային գոտիներում անցած երկու օրում էական միջադեպեր չեն գրանցվել:

Վերոնշյալ հարցերի պատասխանը շատ պարզ է. ինչպես մեզ, Ադրբեջանին նույնպես նախապես հայտնի էր, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային երկօրյա այցով ժամանելու է Հայաստան` Երևանում մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Բացի Միշուստինից, այս օրերին Երևանում են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետները:

Ալիևը հիմար կամ խելագար պետք է լիներ, որպեսզի իր բանակին հրամայեր Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում գործի դնել հրետանին, զրահատեխնիկան, հրթիռները, իսկ նա այդպիսին չէ: Հետևաբար միջկառավարական խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո, այսինքն` վաղը, կամ մի որոշ ժամանակ անց պետք է սպասել թշնամու նոր հարձակման կամ հարձակումների: Ադրբեջանն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է ուզում, որի համաձայնությունը, ըստ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ), տվել է մեր երկրի ղեկավարը և հետո հրաժարվել…

Որոշ տեղեկություններ հուշում են, որ արտաքին թշնամին հարձակումը կարող է սկսել Տավուշի մարզից` որպես շեղող մանևր, որպեսզի իր վրա բևեռի Հայաստանի զինված ուժերի ուշադրությունը, միջոցները, իսկ այդ ընթացքում բլիցկրիգի միջոցով գրավի Սյունիքի մարզի այն հատվածը, որն իրեն թույլ կտա իրականություն դարձնել «Զանգեզուրի միջանցք» կոչվածը: Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով անկանոն կրակ բացելը, ամենայն հավանականությամբ, ուներ մեր կրակային դիրքերը, հնարավորությունները բացահայտելու հետախուզական նպատակ` դրանից ավելի մեծ հարձակմանը նախապատրասռվելու համար:

Ինչ վերաբերվում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք բացելուն, ապա որոշ տեղեկությունների համաձայն, այդ նպատակով կայծակնային պատերազմին Ադրբեջանի դիմացի կողմից` Նախիջևանից, կարող են մասնակցել մեծաթիվ ահաբեկիչներ` ավելի վաղ այնտեղ տեղափոխված ու կուտակված…

Ընդգծում ենք` Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս ամենի մասին ժամանակին ու հրապարակայնորեն նախազգուշացված է, հետևաբար թշնամու հաջողության, իսկ մեզ համար աղետալի հետևանքների պարագայում իրեն պետական դավաճանության մեջ մեղադրելու ևս մեկ հիմք է տալու:

 

Արթուր Հովհաննիսյան