Հայաստանում մեկնարկում են բանակցային ոստիկանության ներդրման աշխատանքներ

ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 15-ից 19-ը հյուրընկալել է ԵԱՀԿ փորձագիտական պատվիրակությանը։ Այցի նպատակն է եղել քննարկել ՀՀ ոստիկանությունում բանակցային ոստիկանության ծառայության սկզբունքների ներդրման հեռանկարն ու եղանակները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բանակցային ոստիկանության ծառայության խնդիրը զանգվածային միջոցառումների ժամանակ արդյունավետ բանակցություններ վարելն է։ Այն միտված է ոստիկանություն-հասարակություն համագործակցության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը, հասարակական անվտանգության արդյունավետ կառավարմանը։

«ԵԱՀԿ փորձագետներ Սանյա Վիկլունդը և Կառլ-Յոհան Ալստրոմը կարիքների գնահատման նպատակով այս օրերին հանդիպումներ են ունենում ոստիկանության շտաբի ղեկավարության, մի շարք ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարության հետ։

Նոյեմբերի 15-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ընդունեց ԵԱՀԿ փորձագետներին և ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։ Ողջունելով հյուրերին՝ բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի հետ ՀՀ ոստիկանության համագործակցությունը, ինչի շնորհիվ իրագործվել են բազմաթիվ ծրագրեր։ Արմեն Մկրտչյանը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել այցի նպատակը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանում բանակցային ոստիկանության ներդրմանը։

«Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ Գեորգի Այվազյանի, հատուկ նշանակության վարչության պետ Արմեն Կարապետյանի հետ հանդիպումների ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները փորձագետներին ներկայացրին ծառայությունների գործառույթները զանգվածային միջոցառումների և հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ընթացքում և պատասխանեցին փորձագետներին հետաքրքրող հարցերին»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հավելում, որ այցի արդյունքների հիման վրա ԵԱՀԿ փորձագետների կողմից նախատեսվում է մշակել վերապատրաստման ծրագիր, որը կնպաստի բանակցային ոստիկանության սկզբունքների ներդրմանը Հայաստանում։