Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով երեք ադրբեջանցի է վիրավորվել
Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երեք ադրբեջանցի է վիրավորվել։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել է հարևան երկրի դատախազությունը, նշելով նաև, որ հարուցվել է քրեական գործ։
«Սերժանտ Հաֆիզ Նասիբովը և մյուսները (ընդհանուր առմամբ երեք հոգի) տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի դատախազությանը։
Նշենք, որ ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի կողմից օկուպացված Շուշիի մերձակա խաչմերուկում նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայողը դիմահար կրակոցներ է արձակել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում։