Հայաստանում կարգելվի սնդիկի արդյունահանումը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը և «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:

Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։

Կառավարությունն առաջարկում է կարգավորել մեր երկրում սնդիկի, դրա միացությունների, սնդիկային թափոնների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները:

Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծի նպատակն է նաեւ պահպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից եւ արտազատումներից:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից: Նախագծով սահմանվում են սնդիկի ուսումնասիրության հետ կապված դրույթները:

Օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում Կառավարության որոշումներով կսահմանվեն ՀՀ-ից սնդիկի արտահանման կարգը, ինչպես նաեւ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը: