Ադրբեջանը ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն է վարում․ ՄԻՊ

Ինձ համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ: Ֆբ-իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա հիմնավորվում է ադրբեջանական կոնկրետ քայլերով ու այդ քայլերի հետևանքներով:

Նախ, փաստերը վկայում են, որ այս ամենի իրական պատճառը, սնուցող աղբյուրը ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի կայուն (established) քաղաքականությունն է:

Դրանից բացի, ակնհայտ է՝ ադրբեջանական իշխանությունները հստակ գիտեն, որ Գորիս-Կապան ճանապարհի արգեկափակումը կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողությունը առաջացնելու է քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թվում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Եվ նրանք նպատակային անում են այդ քայլերը ու գնալով դրանք ավելի են ընդլայնում:

Ըստ այդմ, հատկապես նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ։

Զգալիորեն դժվարացել է կապը հատկապես Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպես նաև մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական արարքներով հիմնական ճանապարհով երթևեկության արգելքի պատճառով: Էականորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց և գործարար նպատակներով ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը:

Նշված բնակավայրերում առկա են սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման արագ ու արդյունավետ հասանելիության սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ:

Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է նաև երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը: Այս ամենն էլ իր հերթին դարձել է հասարակությունում լարվածություն առաջացնող գործոն:

Ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել Գորիս-Կապան ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք: Նույն վերաբերում է նաև Կապան-Ճակատեն ճանապարհին:

ՀՀ բնակչությունն իր իրավունքների համար այս նույն խնդիրների առաջ էր կանգնել նաև, երբ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. օգոստոսի 25-27-ը երկու տեղից կամայական փակել էին Գորիս-Կապան ճանապարհը:

Նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված իրավունքների խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful):

Դրանից բացի, ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, ինչը իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսանկյունից բացարձակ անթույլատրելի է:

Այս նույն խնդիրները մարդկանց համար առաջացել էին նաև այս տարվա օգոստոսին՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը 2 տեղից փակելով: Սրան պետք է ավելացնել նաև իրավունքների խախտումները մյուս դեպքերը (օրինակ՝ երեխաներով ավտոբուսը կանգնեցնելը և երեխաներին դիմակավորված ծառայողներով ու զենքով ահաբեկելը, քաղաքացիական անձանց զենքով սպառնալը):

Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին:

Մենք պետք է ցույց տանք ադրբեջանական արարքների իրական մոտիվացիան»․- գրել է Թաթոյանը: