Մեղավոր է ժողովուրդը

Ներկայիս իրականությունը բացատրելու, իսկ ավելի ճիշտ՝ «արդարացնելու» բանաձևը շատ պարզ է՝ սլաքներն ուղղել «ժողովրդի» կողմը։

«Պարզվեց՝ մենք վատ ժողովուրդ ենք», կամ «անթասիբ ժողովուրդ ենք», կամ «անարժան ժողովուրդ ենք», – ասում կամ մտածում ենք բոլորս։ Մի քանի անծանոթ մարդ տեսախցիկի առջև գերագույն ստահակի գո՞վքն են անում – ժողովուրդն է մեղավոր։ Մի քանի հազարանոց քաղաքում մի քանի տասնյակ մա՞րդ է հավաքվել ողորմելիների կուսակցության նախընտրական հանրահավաքին – ժողովուրդն է մեղավոր։ Հակաստահակյան հանրահավաքին քի՞չ մարդ է գալիս – ժողովուրդն է մեղավոր…

Շատ լավ հիշում եմ նախագահ Օբամայի հայտարարությունը՝ Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին։ Հիմնական միտքը հետևյալն էր. «եթե երկար ժամանակ մի բան ես անում՝ ինչ-որ արդյունքի հասնելու համար, բայց այդ արդյունքին չես հասնում, ապա եթե իրո՛ք ուզում ես հասնել այդ արդյունքին, ապա է՛լ մի արա այն, ինչ անում էիր, այլ մտածի ու արա մեկ ուրիշ բան»։ Դժվար է վիճել։

Իսկ մե՞նք ինչ ենք անում։ Մենք անընդհատ նույն բանն ենք անում ու անընդհատ ստանում ենք նույն՝ չգոհացնող արդյունքը։ Ու փոխանակ մտածենք ու ուրիշ բան անենք, ինքնաարդարացման լավ ձև ենք գտել. «ժողովուրդն է մեղավոր»։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից