Քանաքեռում աղմկահարույց սպանության գործով ձերբակալվածները Տյուշի որդիներն են

Քանաքեռում երեկ՝ նոյեմբերի 11-ին, տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի,  դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ։ Այս մասին  հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Մեր տեղեկություններով՝  ձերբակալվածների թվում են նաև «Տյուշի» որդիները։ Վերջին ձերբակալվածը 19-ամյա երիտասարդ է։

Հիշեցնենք, որ հանցագործ աշխարհում հայտնի Արթուր Ղազարյանը, որը հայտնի է Քանաքեռցի Տույ մականունով, իր համախոհների հետ՝ ատրճանակներով և ինքնաձիգերով զինված, եկել էր նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռցի Տյուշի տուն, թե ինչ պատճառով՝ դեռ հայտնի չէ։

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով չորսը սպանվել են, 4-ն էլ վիրավորվել։ Սպանվել են Քանաքեռցի Տույը, Քանաքեռցի Տյուշը, Արայիկ Խաչատրյանը և Արթուր Բորյանը։ Նախկին պատգամավորը և 38-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել են։

Հիվանդանոցներ են տեղափոխվել 19-ամյա երիտասարդ, 61-ամյա տղամարդ՝ «Հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածքով», 27-ամյա երիտասարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 37-ամյա տղամարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 38-ամյա տղամարդ՝ «Կրծքավանդակի որովայնի շրջանում հրազենային վնասվածք», ինչպես նաև դեռևս տվյալների պարզաբանման փուլում գտնվող ևս մեկ տղամարդ՝ «Ձախ նախաբազկի միջաձիգ հրազենային վիրավորում վնասվածք» ախտորոշումներով: Մեր տեղեկություններով՝ վիրավորում է ստացել նաև նախկին պատգամավորի որդիներից Վլադիմիր Սիմոնյանը, որը նաև կասկածվում է սպանության մեջ։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջինը կրակել է հենց Վլադիմիր Սիմոնյանը, որի հետևանքով էլ Քանաքեռցի Տույը մահացել է։ Նախկին պատգամավորի որդին նախկինում աշխատել է Երևանի քաղաքապետարանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որոշ ժամանակ անց ազատվել պաշտոնից։

Քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Հարուցվել է քրեական գործ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և սպանության հատկանիշներով։ Քրեական գործով ձերբակալվել է 4 անձ։