Ի՞նչ է Փարիզում քննարկվելու Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ և ՊՆ նախարարների վաղը Ֆրանսիայում նախատեսված երկկողմանի հանդիպումից, որի ժամանակ նախատեսվում է  «2+ 2» ձևաչափի շրջանակում քննարկել Հայաստանի և Ադրբեջանի ճգնաժամի կարգավորման խնդիրը։ Ի՞նչ արդյունավետությամբ կանցկացվի այդ քննարկումը և արդյո՞ք կարելի է ակնկալել, որ Արցախի խնդրի կարգավորման հարցը նորից կվերադառնա բանակցային սեղան ու պտուղ կտա։ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ անցկացվող բանակցություններով Արցախի հարցը չի կարող երբևէ լուծվել, առավել ևս հիմա, ուստի պետք է այլ ձևաչափ մտածել։

Անդրադարձանք օրերս Հայաստան այցելած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարություններին՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ։ ՌԴ-ը որպես միջնորդ է այդ գործընթացների իրականացման համար, սակայն ինչպես նկատեց նաև Օվերչուկը, Ադրբեջանը միջանցքների մասին իր հայտարարություններով խանգարում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերի դրույթների իրագործմանը։ Մինչդեռ Հայաստանը պատրաստակամ է, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Անկախ վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանի ստանձնած առաքելությունն ամենևին հայերի շահերից չի բխում և սահմանին ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքների, կրակոցների ու սպանությունների պայմաններում խոսել հայ-ադրբեջանական բարեկամության և սահմանների աշխուժացման մասին առնվազն իրատեսական չէ։

Մյուս կողմից էլ նա նշեց, որ այս գործընթացներում պետք է ներգրավել Իրանին, քանի որ ճանապարհների ապաշրջափակումը նաև իրանական շահերին է անդրադառնում։ Մինչդեռ որևէ բանակցային գործընթացքում Իրանի ներկայությունն ապահովված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում