Ադբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Շուշիի մոտ Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու և նրանցից մեկին սպանելու դեպքը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ աշխատանքներ իրականացնող Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու և նրանցից մեկին մահացու վիրավորում հասցնելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, ասել է.«Ինչ վերաբերում է միջադեպին, ապա սա հայկական կողմի հերթական սադրանքի արդյունքն է։ Հայկական կողմի հայտարարություններում նշվում է, որ նոյեմբերի 8-ին այդ անձինք իբր զբաղվել են Խանքենդի-Շուշա (Ստեփանակերտ-Շուշի) ավտոճանապարհի մոտ ջրամատակարարման գծի վերանորոգմամբ։

Նշեմ, որ սովորաբար այս տարածքում որևէ աշխատանք կատարելուց առաջ ռուս խաղաղապահները տեղեկացվում են այս մասին, և աշխատանքներն իրականացվում են խաղաղապահների ուղեկցությամբ։ Այս անգամ ռուս խաղաղապահներին ոչ մի տեղեկություն չի տրվել, և նրանք չեն մասնակցել աշխատանքային գործընթացին։ Իհարկե, սա լուրջ հարցեր է առաջացնում»:

Բացի այդ, նա հիշեցրել է, որ այդ օրը Շուշիում տեղի է ունեցել միջոցառում՝ Ադրբեջանի նախագահի և պետական այրերի մասնակցությամբ։

«Ինչպես գիտեք, նման դեպքերում տարածքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում։ Իմանալով դա՝ տարածքին մոտ գտնվող  կետում ջրամատակարարման գծի վերանորոգումը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Միաժամանակ, հակառակ կողմի հերթական սադրանքն է Հայաստանի պաշտպանության նախարարի ապօրինի այցն «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան» (չակերտները՝ խմբագր․)։

Այս ամենը ցույց է տալիս, որ հայկական կողմը միտումնավոր է ձգտում սրել իրավիճակը։ Այս քայլերի իրականացումը 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակին ընդառաջ նպատակ ունի ստվեր գցել ռուս խաղաղապահների գործունեության վրա և եռակողմ հայտարարության կետերի խախտում է»,-ասել է Աբդուլաևան: