Եվրոպան սպասում է Պուտինի խոստացած գազին

Ռուսական գազային հսկա «Գազպրոմը» խոստանում է երկուշաբթի օրվանից ավելացնել գազի մատակարարումները եվրոպական պահեստարաններ։ Ավելի վաղ ընկերությանն այս մասին խնդրել էր նախագահ Պուտինը՝ «Եվրոպայի էներգետիկ շուկայում բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար»։ Գրում է BBC.com-ը:

«Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը խոստացել է, որ ընկերությունը կսկսի գազ մատակարարել Եվրոպա, հենց որ լցնի ռուսական պահեստները։

«Գազպրոմն» ունի ստորգետնյա գազի պահեստարաններ Եվրոպայում, ներառյալ Ավստրիայում և Գերմանիայում: «Ներկայումս այս ստորգետնյա պահեստարաններում գազի ծավալը աննշան է, 190 միլիոն խորանարդ մետր գազից մի քիչ պակաս»,- ասել է Ալեքսեյ Միլլերը։

Գազի գները Եվրոպայում տարեսկզբից ավելի քան եռապատկվել են, և եվրոպացի քաղաքական գործիչները բազմիցս կասկածներ են հայտնել Մոսկվայի նկատմամբ՝ ասելով, որ Գազպրոմը միտումնավոր փակում է փականը, որպեսզի ԵՄ երկրներին ստիպեն հավանություն տալ Բալթյան ավազանով անցկացվող «Հյուսիսային հոսք-2» գազատարը։

«Գազպրոմը» հերքել է շուկայի մանիպուլյացիայի բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ Եվրոպային գազ է մատակարարում պայմանագրերին համապատասխան։