Սատանան թաքնված է մանրուքների մեջ

Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ։

Եթե հակիրճ, ապա բոլոր «երկար-արակ» գործընթացների մեջ ակնհայտ երևում է մի  ընդհանուր գիծ, որը տանում է դեպի  Արցախի Հանրապետության քաղաքական ապալեգիտիմացմանը և Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան դե յուրե ամրագրելու  մեր երկրի հետագա մասնատման լրջագույն սպառնալիքով։ Ինչո՞ւ։

Տեսեք, եկեք հստակ ֆիքսենք․ Արցախի մասով` 2020 թվականի նոյեմբերի 9-ին հետո ընդհանրապես մենք չեն լսել ՀՀ իշխանությունների կողմից գեթ մեկ արտահայտություն, բառ, ակնարկ, որը իր մեջ կպարունակեր Արցախի Հանրապետության ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՆՎԵՐԱՊԱՀ անկախության թեզը։

Փոխարենը, մենք լսում ենք, որ «Արցախի հարցը պետք է լուծվի հելսինկյան ակտի սկզբունքների ներքո,  որը իր մեջ պարունակում է «ազգերի ինքնորոշման» մասին դրույթը»։

Սակայն ինչպես կասեր դասականը՝ «սատանան թաքնված է մանրուքների մեջ», և այս պարագայում հստակ երևում է, որ Հայաստանի գերխաղաղասեր իշխանություները հետևողական տանում են դեպի մի իրավիճակ, երբ Արցախի հիմնախնդիրը ապագայում կդիտարկվի որպես Ադրբեջանի ներքին խնդիր և այս պարագայում «թղթերով» Արցախի մաքսիմալ ինքնորշման չափը կլինի «մշակութային ինքնավարություն Ադրբեջանի կազմում» կամ որևէ այլ տարբերակ, որը վերջնականապես կփակի Արցախի և արցախահայության գոյութան հարցը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքների ներկա և ապագա զավթմանը թուրքերի և ադրբեջանցիների կողմից, ապա այստեղ ուրիշ մեխանիզմներ են կիրառվելու, այսինքն դելիմիտացիա և դեմարկացիա։ Կարելի է շատ համոզիչ և լուրջ քննարկել «սկզբունքները», որոնց հիման վրա պետք է իրականացվի չարաբաստիկ  դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը մեր և թուրքալեզու ցեղերի պետության (Ադրբեջան)  միջև, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկզբունքորեն արդեն համաձայնել են, որ Հայաստանի սահմաները ճշգրտելու են ոչ թե հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգությունը լիարժեք երեշխավորելու սկզբունքներից դուրս գալով, այլ խորհրդային ժամանակների ինչ-որ քարտեզների և սահմանների։

Սա ուղղակի անընդունելի է, քանզի ԽՍՀՄ-ի կազմում գտնվող հանրապետությունների տարածքային բաժանումը կառուցվում էր մեկ պետության գաղափարի շուրջ, որոնք չէին արտացոլում ԽՍՀՄ կազմում գտնվող հանրապետությունների միջև անվտանգային կոմպոնենտը։

Այլ կերպ ասած՝ Հայաստանը այսօր առաջնորդվելու է մի գործիքակազմով, որը իսպառ անտեսում է մեր Հայրենիքի անվտանգային համակարգը և նվազագույնը մեզ դնելու է տոտալ տնտեսական և լոգիստիկ կախվածության մեջ թուրքերի և ադրբեջանցիների կողմից։

Տրամաբանությունը իշխանությունների հետևալն է․ համաձայնել փաստացի հանձնել Հայաստանի և Արցախի կենսական տարածաշրջանային և անվտանգային շահերը, փոխարենը ստանալով իբր թե «ապաշրջափակում» և «խաղաղություն»։

Իշխանությունների այս տարբերակը՝ հասնել խաղաղության, անխուսափելի բերելու է լրիվ հակառակ հետևանքների, և փաստացի հանձնելով թուրք-ադրբեջանական տանդեմին արտաքին  լոգիստիկ ուղիների վերահսկողությունը, Հայաստանի իշխանություները բերելու են մի իրավիճակի, երբ մենք ազգովին պարզապես դառնալու ենք պանթուրանական ցամաքային «պորտալարի» (Ադրբեջան+Սյունիք+Նախիջևան+Թուրքիա ուղղության) սպասարկող անձնակազմ։

Մի խոսքով, այն, ինչ կատարվում է այսօր «խաղաղության դարաշրջանի» պատրվակով, իրականում բերելու է մեր գլխին միջնաժամկետ կտրվածքով  այնպիսի բացասական հետևանքներ, որ նույնիսկ պատկերացնել չի ստացվում։

Նվազագույնը` պատերազմը ապագայում դառնալու է անխուսափելի, եթե  իրադարձությունները շարունակեն զարգանալ այսօրվա իշխանավորների գործելաոճի տրամաբանության ներքո, քանզի թուրքերին և ադրբեջանցիներին բնավ պետք չէ լոկ ճանապարհ կամ միջանցք, իրենց պետք է ԱՆՊԱՅՄԱՆ ուղիղ, առանց «միջնորդների» և տարածաշրջանային խոչընդոտների ցամաքային կապ։

Ամենազավեշտականը այն է, որ ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները չեն թաքցնում իրենց վերջնական նպատակը, մեղմ ասած՝  «չեզոքացնել» իրենց խանգարող  հայկական գործոնը տարածաշրջանում, իսկ հայկական գործոնը Հայաստանն է, Արցախն է, մենք ենք, մենք բոլորս։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից