Օմանի ծովում իրանական նավթատար լցանավը առևանգելու ԱՄՆ փորձը ձախողվել է

2021 թվականի նոյեմբերի 3-ին իրանական «IRNA» գործակալությունը հաղորդել է շատ հետաքրքիր իրադարձությունների մասին, որոնցում ներգրավված են եղել ԱՄՆ ռազմածովային ուժերը և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։ Ցավոք, «IRNA»-ն չի բացում փակագծերը և չի բացատրում, թե կոնկրետ երբ են տեղի ունեցել նկարագրված իրադարձությունները։ Այնուամենայնիվ, ամեն ինչի մասին՝ հերթականությամբ…

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ՌԾՈՒ ժամանակին և հեղինակավոր գործողությունները կանխել են ամերիկացիների կողմից իրանական նավթի գողությունը, նշում է «IRNA»-ն։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների ռազմական ուժերը Օմանի ծովի ջրերում նախ հարձակվել և առգրավել են իրանական արտահանվող նավթը տեղափոխող լցանավը և նավթի խմբաքանակն անհայտ ուղղությամբ ուղղորդել են մեկ այլ լցանավ։ Դե, Օմանի ծովը մի վայր է, որտեղ ամերիկացիները գրեթե անընդհատ «հսկում են» և միշտ պատրաստ են Իրանի դեմ սադրանք իրագործելուն։ Սակայն, ահա թե ինչ է այնուհետև հայտնում «IRNA»-ն․ «ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը օդային գրոհով գրավել են լցանավը և այն ուղարկել Իրանի տարածքային ջրեր: Այնուհետև ամերիկյան զորքերը մի քանի ուղղաթիռներ և ռազմանավեր են կիրառել լցանավը հետապնդելու համար, սակայն ձախողել են ԻՀՊԿ զորքերի վճռական և հեղինակավոր ներխուժման և գրագետ գործողությունների պատճառով: ԱՄՆ ուժերը կրկին փորձել են արգելափակել լցանավը ավելի շատ միջոցներով և ևս մի քանի ռազմանավերով, սակայն կրկին ձախողել են: Այս լցանավը ներկայում գտնվում է Իրանի տարածքային ջրերում»։

Ամերիկյան աղբյուրները լռում են։ ԱՄՆ պենտագոնը լռում է։ Մենք հասկանում ենք, որ Վաշինգտոնին ձեռնտու չէ ընդունել Օմանի ծովում իր ձախողումը և մեկնաբանել կատարվածը։ Դա կնշանակի, որ Միացյալ Նահանգները հերթական անգամ ցանկանում է խափանել Իրանի հետ 2015 թվականի ամռանը կնքված «միջուկային համաձայնագրի» շրջանակին վերադառնալու բանակցությունները, որից Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս է եկել 2016 թվականին՝ նախագահ Թրամփի որոշմամբ, այսինքն՝ Իսրայելի հրահանգով, որը Վաշինգտոնում իրականացրել է Թրամփի փեսան՝ հրեա հասիդ Ջարեթ Քուշները։ Այս իրավիճակը դեռ հոկտեմբերի 30-ին մեկնաբանել է Իրանի դեսպան և ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մարդու իրավունքների խորհրդի տարեկան զեկույցին նվիրված հանդիպման ժամանակ ասել է, որ բոլորը հերթական անգամ ականատես եղան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սիոնիստական ​​ռեժիմի ներկայացուցչի անհիմն պնդումներին… «Մարդու իրավունքների աջակցությունն ու խթանումը պետք է լինի ընդհանուր նպատակ բոլորի համար: Իրանը ողջունում է մարդու իրավունքների, փոխադարձ հարգանքի և երկխոսության վերաբերյալ անկեղծ և ոչ քաղաքական մտահոգությունները,- նշել է նա։- Գաղտնիք չէ, որ Իսրայելի մանկասպան ռեժիմը, որքան էլ նա ջանա անհիմն մեղադրանքներ առաջադրել Իրանի դեմ, չի կարող թաքցնել իր սարսափելի հանցագործությունները, որոնք ամեն օր կատարվում են պաղեստինցի անմեղ ժողովրդի դեմ, իսկ սիոնիզմի, ռասիզմի և ապարտեիդի տգեղ դեմքը չի կարող «սպիտակեցվել»»…

Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանիի նոյեմբերի 3-ի հայտարարությունները, մեր կարծիքով, հրապարակվել են այն բանից հետո, երբ իրանցի ռազմական նավաստիները Օմանի ծովում «տրորել են ամերիկացիների քիթը»։ «Պատերազմի ժամանակ և այժմ բանակցություններ վարելու կոչը ուսանելի նմանություն ունի»,- գրել է նա Twitter-ի իր էջում՝ համեմատելով Իրաքի կողմից պարտադրված պատերազմի (Իրանի դեմ) ժամանակները երկրի ներկայիս իրավիճակի հետ։ «Պատերազմի ժամանակ Սադամի հարձակումները շարունակվում էին, և այժմ շարունակվում են պատժամիջոցները։ Իրանի մի մասն այն ժամանակ օկուպացվել էր թշնամու կողմից, իսկ Իրանի տնտեսությունն այժմ պատանդ է վերցված,- հավելել է նա։ – Ռազմիկները պաշտպանվել են ռազմաճակատներում, և գիտնականներն այժմ շարունակում են զբաղվել օրինական միջուկային գործունեությամբ»: Նրա խոսքերով, այն ժամանակ ագրեսորի «զարթոնքի» որևէ նշան չկար, իսկ այսօր ԱՄՆ ապաշնորհ նախագահը չի պատրաստվում երաշխիքներ տալ միջուկային գործարքի վերաբերյալ, և եթե ներկայիս իրավիճակը չփոխվի, ապա բանակցությունների արդյունքն արդեն ակնհայտ է. «Հետևաբար, Իրանի համակողմանի դիմադրության ուժը, որը հիմնված է սեփական հնարավորությունների վրա, հիմնական տարբերությունն է պատերազմի օրերի համեմատ»: Շամհանիի հայտարարություններից պարզ է դառնում, որ ԻՀՊԿ ռազմական նավաստիների՝ Օմանի ծովում ամերիկացիներին տված դասը, ըստ ամենայնի, վերջինը չի լինելու։

Սերգեյ Շաքարյանց