Դատարանում Առուշանյանին դիմավորեցին ծափահարություններով

Ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատական կարգադրիչների ուղեկցությամբ դատական նիստերի դահլիճ եկած նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանին ներկաները դիմավորեցին ծափահարություններով։

Առուշանյանը ձեռքով ողջունեց ներկաներին, ողջագուրվեց պաշտպանների հետ։

Այսօր ավելի վաղ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ նախորդ նիստի ընթացքում քննարկվել է Առուշանյանի տեսակցությունների ու հեռախոսազանգերի արգելքի սահմանփակման իրավաչափության հարցը։

«Մենք միջնորդություն էինք ներկայացրել, որ այդ սահմանափակումներն ամբողջությամբ կամ գոնե մասնակի վերացվեն։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել էինք, այսօր դատական նիստի մեկնարկին իր դիրքորոշումը կներկայացնի դատախազը»,-ասել է Ալեքսանյանը։

Նրա խոսքով, դրանից հետո մտնելու են բուն դատաքննության փուլ, կընթերցվի մեղադրական եզրակացությունը, կորոշեն ապացույցների հետազոտման կարգը։

Պաշտպանության կողմը պատրաստվում է  ներկայացնել միջնորդություն խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով՝ գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։