ԱԱ-ում Հովհաննես Բաչկովի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվել է և հաղթանակը վերադարձվել մեր մարզիկին

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշան հաղթանակի պետք է բարձրացնեին հենց նրա ձեռքը: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան:

Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակիչի Բաչկով-Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:

«Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադարձվում է մեզ: Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ, ինչը նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ երևույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ»,- նշում են ֆեդերացիայից: