ՌԴ դեսպանը եռակողմ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ ամբողջական տեղեկություն չունի. Սեյրան Օհանյան

Երկար ժամանակ է` մենք ԱԺ ենք հրավիրում համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին մտահոգիչ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, և շուրջ երկու ամիս ԱԺ ղեկավարությունը և գործադիրը չէին կարողանում դա կազմակերպել։ Ստիպված մենք հրատապ հարցով քննարկում կազմակերպեցինք։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մենք եկանք այն եզրակացության, որ նման հարցերի քննարկմանը լավ կլինի, որ գերատեսչությունների ղեկավարները ներկայանան, քանի որ ներկայացված անձիք լիարժեք չէին տիրապետում իրավիճակին»։

Օհանյանը նշեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների համատեղ հայտարարությունը չընդունվեց, քանի որ այնտեղ հստակ մեսիջներ կային Արցախի ինքնորոշման վերաբերյալ։

Հարցին` թե ԱԺ-ում ՌԴ դեսպանի հետ ինչ է քննարկվել, Օհանյանը պատասխանեց.

«ՌԴ դեսպանի հետ հանդիպել ենք խորհրդի կազմով, քննարկել ենք իրադրությունը, ներկայացրել մեր խմբակցության տեսակետները` ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին և կարևորել հայ-ռուսական համագործակցությունը, խոսել ենք միացյալ զորախմբի սահմանապահ գործունեության մասին և այլն։ Մեր հարցադրմանն ի պատասխան` դեսպանը նշել է, որ հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չունի»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ իր հրամանով են զինվորները հետ քաշվել Սյունիքից, Օհանյանը նշեց.

«ՀՀ իշխանությունները և գերագույն հրամանատարի պարտականությունները կատարողը պետք է ռազմական կառավարման ընթացակարգերին համապատասխան իրականացներ այդ ամբողջ գործունեությունը, ձևավորեր կառավարման օրգան, ունենար իր կառավարման կետը և այդտեղից էլ պետք է լինեին հրահանգները` թե՛ գրավոր, թե՛ բանավոր։ Փաշինյանի պատասխանից չերևաց, թե ինչ օրգանի միջոցով է նա այդ որոշումը ընդունել։ Եթե ունենայինք նորմալ ղեկավար, նա պատերազմի չվերսկսելու նպատակով հրահանգ կտար զորքերը կանգնեցնել գոնե ռազմավարական նշանակության հատվածներում, որոնք հետագայում կարող էին դառնալ դելիմիտացիայի և դեմարկացիայի առարկա։ Դժվար է լինելու թուրքին իր կանգնած տեղից հետ շպրտելը։