Հայաստանի բնակչության նկատմամբ այս թշնամական քաղաքականությունը, դիկտատորական իշխանության սանձարձակություններն անպատիժ չեն մնալու. 5

 

Սատանայի հետ կապ ունեցողներին փնտրել գտնելն ԱԱԾ ուժերից վեր է, թող որոնի, գտնի Սատանայի մանկլավիկների հետ կապ ունեցողներին

 

Սկիզբը` այստեղ 

«ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված, բայց մի շարք դեպքերում մարդկանց առողջության դեմ գործած ու գործող մարմինը, մեր երկիր կորոնավիրուսի ներթափանցման սկզբնական շրջանից սկսած, հանդես է եկել վիրուսի, համավարակի, դրա դեմ պայքարելու, պատվաստանյութերի ու պատվաստումների վերաբերյալ բազմաթիվ հակասական հայտարարություններով: Հակասական հայտարարություններով աչքի են ընկել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը նախկինում ու ներկայում զբաղեցրած ու զբաղեցնող անձինք:

Մտածում ես` ինչի՞ հետևանք են այդ հակասական հայտարարությունները` համապատասխան պաշտոնյաների ապաշնորհության, ապիկարությա՞ն, գուցե վարակվե՞լ են կորոնավիրուսով ու վիրուսն, ինչպես ասում են, խփել է նրանց ուղեղին, թե ինչ-ինչ անազնիվ ու վտանգավոր շահագրգռություններ ունենալով, միտումնավոր են այդպես վարվում…

ԱՆ կոչվածի կողմից հակասական պատասխանների, հավաստումների հերթական դրսևորումն օրերս արձանագրեց «Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունը: Իրավացիորեն նշելով, որ COVID-19-ի դեմ պատվաստված անձանց կորոնավիրուսով վարակման և վարակի փոխանցման հարցերը շատ են շահարկվել առողջապահության ներկայիս և նախորդ նախարարների կողմից, ինչպես նաև նրանց քարոզիչների միջոցով, և տեղեկացնելով, որ իրականությունը պարզելու համար հարցումներ են կատարվել առողջապահության նախարարություն (ԱՆ), հիշյալ նախաձեռնությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում ընթերցողներին է ներկայացրել  նախարարությանն ուղղված հարցերը ու վերջինիս կողմից դրանց տրված պատասխանները.

«Հարց 1. Արդյո՞ք Քովիդ պատվաստված անձը նույնպես վարակվում է Քովիդով և փոխանցում վարակը, եթե այո, ապա ինչու՞ ըստ ԱՆ հրամանի պատվաստված անձից չի պահանջվում ՊՇՌ թեստի բացասական արդյունք:

Խնդրում ենք նաև տրամադրել հարցերի պատասխանների հիմքերը՝ հղում կատարելով ապացուցողական բժշկության վրա»։

ԱՆ կոչվածի պատասխան 1 (մեջբերում). «Հիվանդացած և պատվաստված անձինք նույն կարգավիճակում չեն գտնվում, պատվաստումները նվազեցնում են վարակի տարածման ռիսկը»:

Ինչպես ակնհայտ է, ներկայացնելով թե «պատվաստումները նվազեցնում են վարակի տարածման ռիսկը», ԱՆ կոչվածը միտումնավոր թաքցրել է, որ COVID-19-ով հիվանդացած անձանց օրգանիզմում վիրուսի նկատմամբ ձևավորված իմունիտետը, բնական ճանապարհով նրանց ձեռք բերած հակամարմինները նույնպես նվազեցնում են վարակի տարածման ռիսկը, եթե, իհարկե, համարենք, թե պատվաստումներն իսկապես նվազեցնում են վարակի տարածման ռիսկը, ինչն արդեն, ելնելով առկա վիճակագրությունից, առնվազն խիստ կասկածելի է…

Նախորդ պատասխանից ընդամենը 2 շաբաթ անց պատասխանելով նմանաբնույթ մեկ այլ հարցման, ԱՆ կոչվածը տվել է առաջինին հակասող պատասխան.

«Հարց 2. Որքա՞ն է կազմում Քովիդով վարակվելու հավանականությունը և վարակելիության ցուցանիշը հետևյալ խմբերում՝ ա) Քովիդի դեմ պատվաստվածներ, բ) չպատվաստված հիվանդացածներ, գ) չպատվաստված չհիվանդացածներ»:

ԱՆ կոչվածի պատասխան 2 (մեջբերում). «Վիրուսով վարակվելու և ուրիշներին փոխանցելու նրա կարողությունը դեռ ուսումնասիրվում է»:

ԱՆ կոչվածն այսպիսով, տվյալ հարցում վերջապես անկեղծանալով, անուղղակիորեն խոստովանել է, որ COVID-19-ի դեմ պատվաստված անձինք կորոնավիրուսով վարակվելու և այն ուրիշներին փոխանցելու առումով որևէ առավելություն չունեն չպատվաստված հիվանդացածների համեմատ, հետևաբար հիմնազուրկ է առաջին հարցին նախարարության տված պատասխանը, որի համատեքստում կարելի է հասկանալ, որ վարակի տարածման ռիսկի առումով «Հիվանդացած և պատվաստված անձինք նույն կարգավիճակում չեն գտնվում», պատվաստումները, ի տարբերություն COVID-19-ով հիվանդանալու, «նվազեցնում են վարակի տարածման ռիսկը»:

Բնականաբար, հարց է առաջանում` եթե չպատվաստվածներից COVID-19-ով հիվանդացածների շրջանում կորոնավիրուսի նկատմամբ անընկալունակության (իմունիտետի) իրողությունը չի ժխտվում (չի էլ կարող ժխտվել), եթե COVID-19-ի դեմ պատվաստված անձինք կորոնավիրուսով վարակվելու և այն ուրիշներին փոխանցելու առումով որևէ առավելություն չունեն չպատվաստված հիվանդացածների համեմատ, ըստ ԱՆ կոչվածի, տվյալ «կարողությունը դեռ ուսումնասիրվում է», ապա ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանն իր 20․08.2021 թ.-ի թիվ 65-Ն հրամանով  և, ընդհանրապես, ներկայիս հակահայկական, թշնամական իշխանություններն ինչո՞ւ և ի՞նչ հիմքով են COVID-19-ի դեմ պատվաստվել հարկադրում նաև կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածներին… Դրանով նրանք ի՞նչ հանցավոր կամ, առնվազն, մութ նպատակներ են հետապնդում:

Ընդգծենք, որ ԱՆ կոչվածը վերոնշյալ հարցերից 2-րդին տված իր պատասխանով այնքան էլ ճիշտ չի ներկայացրել իրականությունը կամ ներկայացրել է կիսաճշմարտությունը, քանի որ արդեն իսկ կան բավական արժանահավատ գիտական տվյալներ չպատվաստվածներից COVID-19-ով հիվանդացածների շրջանում կրկնավարակման հավանականության և նույնիսկ ավելին` հոսպիտալացման ցուցանիշների վերաբերյալ: Նախարարությունն այսպիսով կամ անտեղյակ է այդ ամենին (ինչի իրավունքը չուներ), կամ անտեղյակ է ձևացել: Գիտական տվյալները ցույց են տալիս, որ COVID-19-ով հիվանդանալու, այսինքն` բնական ճանապարհով մարդու օրգանիզմի ձեռք բերած հակամարմինները մարդու համար ավելի ուժեղ իմունիտետ են ապահովում, ավելի կայուն և արդյունավետ են, քան պատվաստմամբ առաջացած հակամարմինները:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան