Հայաստանի բնակչության նկատմամբ այս թշնամական քաղաքականությունը, դիկտատորական իշխանության սանձարձակություններն անպատիժ չեն մնալու. 4

Սատանայի հետ կապ ունեցողներին փնտրել գտնելն ԱԱԾ ուժերից վեր է, թող որոնի, գտնի Սատանայի մանկլավիկների հետ կապ ունեցողներին

 

Սկիզբը` այստեղ

Անժխտելի է, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստված անձինք նույնպես վարակվում են կորոնավիրուսով, հիվանդանում կորոնավիրուսային հիվանդությամբ:

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ դեպքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը, եթե այն այս կամ այն երկրում նույնիսկ գոյություն ունի, չի արտահայտում ողջ իրականությունը, քանի որ վարակված, բայց հիվանդության որևէ ախտանիշ չունեցող, այսինքն` հիվանդ չհանդիսացող անձինք, ինչպես նաև COVID-19-ին բնորոշ ախտանիշներ ունեցող և հիվանդությունը թեթև կամ միջին ընթացքով տանող անձանց գերակշիռ մասը բուժվում է տանը, չի դիմում բուժհաստատություններ, ախտորոշիչ լաբորատորիաներ` ՊՇՌ հետազոտության ենթարկվելու համար:

Այո, իրականում շատ ավելի մեծ է այն մարդկանց թվաքանակը, որոնք չնայած COVID-19-ի դեմ պատվաստված լինելուն, հիվանդացել ու հիվանդանում են կորոնավիրուսային հիվանդությամբ: Մենք բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում այդպիսի դեպքերի վերաբերյալ, և ընթերցողներից յուրաքանչյուրը նույնպես, կարծում ենք, դրանում կարող է համոզվել` իր ծանոթների շրջանում համապատասխան հարցուփորձ կատարելով:

Չկարողանալով ժխտել և անուղղակի կերպով փաստելով, որ պատվաստումը չի բացառում կորոնավիրուսով վարակվելու և վարակը փոխանցելու հնարավորությունը, «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված, բայց մի շարք դեպքերում մարդկանց առողջության դեմ գործած ու գործող մարմինը «Ազատ կամք» նախաձեռնության հարցին`այդ դեպքում «ինչու՞ ըստ ԱՆ հրամանի, պատվաստված անձից չի պահանջվում ՊՇՌ թեստի բացասական արդյունք», չի պատասխանել, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի 20․08.2021 թ.-ի թիվ 65-Ն հրամանում  տվյալ պահանջի բացակայությունը չունի որևէ հիմնավորում և, ընդհանրապես, դուրս է տրամաբանությունից:

Պարզ է, որ եթե պատվաստվածներից նույնպես, ինչպես չպատվաստվածներից, տուգանքի սպառնալիքով ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան պահանջվեր, ապա շատ քչերն ինքնակամ կենթարկվեին պատվաստման` մտածելով, որ պատվաստված լինելու, դրա փաստաթուղթը ներկայացնելու դեպքում էլ, միևնույն է, ՊՇՌ հետազոտության պատասխանը ներկայացնելու են և 14 օրը մեկ այդ հետազոտության համար հարկադրված են լինելու վճարել:

Հետևաբար պատվաստվածներից նշված պատասխանը հրամանով չպահանջելը, իսկ չպատվաստվածներից պահանջելը խտրական և ՀՀ օրենսդրությամբ անթույլատրելի վերաբերմունքի ցայտուն դրսևորում է և ունի միայն մեկ նպատակ` ՊՇՌ հետազոտության համար վճարելու հնարավորություն ու պատվաստման ցանկություն չունեցող անձանց տուգանքի սպառնալիքով յուրօրինակ շանտաժի ենթարկելով, նրանց հարկադրել իրենց կամքին ու խղճին, իրենց առողջությանը դեմ գնալով, պատվաստվել: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը գոնե չնչին, գոնե մոտավոր կերպով պատկերացնո՞ւմ է այդ հարկադրանքի հետևանքներն անձամբ իր համար…

Անդրադառնանք «Ազատ կամք» նախաձեռնության հարցին ԱՆ կոչվածի պատասխանի մեկ այլ դրվագի. «Միաժամանակ պետք է նշել, որ, օրինակ` «ԱստրաԶենեկա»-ն առաջին պատվաստանյութն է, որի համար փաստվել է, որ վերջինս էապես դանդաղեցնում է վիրուսի փոխանցումը: Պատվաստանյութը կարող է կրճատել վիրուսի փոխանցումը գրեթե երկու երրորդով (հղում` https://edition.cnn.com/2021/02/03/heaith/astrazeneca-vaccine-transmission-gbr-intl/index.html)»:

Ոչ պատշաճ հղմամբ ներկայացվող (տվյալ հղմամբ էջ այս պահին գոյություն չունի) ու խիստ կասկածելի հետազոտության արդյունքի առնչությամբ նախ ուշադրություն դարձնենք պատասխանում առկա անուղղակի և ուղղակի խոստովանություններին` դանդաղեցնում է, այսինքն` «ԱստրաԶենեկա»-ով պատվաստվածները նույնպես վարակվում են կորոնավիրուսով (անժխտելի է, որ առանց վարակված, վարակակիր լինելու, հնարավոր չէ վիրուսը փոխանցել) և, միևնույն է, վարակի փոխանցում տեղի է ունենում, պարզապես փոխանցումը դանդաղում է:

Բացի վերոնշյալից, հարկ է նկատի ունենալ նաև, որ «ԱստրաԶենեկա»-ն արտադրողը կամ որևէ բժշկագիտական հաստատություն չէր կարող ԱՆ կոչվածի նշած եզրակացությանը հանգել` առանց համապատասխան հետազոտություններ կատարելու տվյալ պատվաստանյութով պատվաստված, բայց, այնուհանդերձ, կորոնավիրուսով վարակված, մի մասի կողմից վիրուսն այլոց փոխանցած, մյուս մասի կողմից չփոխանցած բազմահազար անձանց շրջանում, ինչը նշանակում է, որ չնայած պատվաստված լինելուն, բազմահազար անձինք վարակվել ու վարակվում են կորոնավիրուսով:

Ուշագրավ է նաև նախարարության զգուշավորությունը` «Պատվաստանյութը կարող է կրճատել վիրուսի փոխանցումը գրեթե երկու երրորդով». գրված է ոչ թե` կրճատում է…, այլ կարող է կրճատել, այսինքն` պատվաստանյութը կարող է, հնարավոր է և չկրճատի վիրուսի փոխանցումը գրեթե երկու երրորդով, և այդ դեպքում ոչ ոք ԱՆ կոչվածին չի կարող մեղադրել, նրանից հաշիվ պահանջել, քանի որ նախարարությունն այս դեպքում չի ստել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան