Մեզ մոտ խորանում է պարտվածի հոգեբանությունը (տեսանյութ)

Այսօր «Հենարան» ակումբի հյուրերն էին ՀՀԿ անդամներ Հայկ Դերձյանը և Տիգրան Վարդանյանը։ Նրանք խոսեցին պատերազմից առաջ և հետո իշխանության որդեգրած քարոզչության մասին։

«Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը գործեց պրոադրբեջանական քարոզչության ուղղությամբ՝ Հայաստանը ներկայացնելով խեղճ, որևէ պահանջատիրություն, նկրտում չունեցող, ամորֆ մի պետություն, և մինչ օրս շարունակում է այդ պրոադրբեջանական քարոզչությունը: Համեմատության համար նշենք, որ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանում ակտիվ քարոզչություն էր ընթանում, որ Արցախն իրենցն է, պետք է պատրաստվեն, իսկ մեզ մոտ հակառակն է՝ տեղի է ունենում պարտվածի հոգեբանության առավել խորացում, և ինչպես բազմիցս է նշվել՝ պատերազմից հետո շարունակում ենք պարտվել»,- ասաց Հայկ Դերձյանը։

«Պատերազմը սկսելու, եթե չեմ սխալվում, առաջին օրերին էր, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ՝ եկեք, ինչ էլ պատահի՝ մենք մեզ պարտված չհամարենք, և այս թեզերի հիման վրա շարունակվեց «արծրունական» ստերի ժողովածուն՝ Գյանջայի օդանավակայանին հարվածելը, որը միֆ էր: Ցավալին այն է, որ չգիտենք՝ որքան զոհ ունենք, որքան՝ գերեվարված, վիրավոր տղաներ: Առողջապահական համակարգում օրենքներ են ընդունվել, ըստ որոնց՝ սառեցվում են մեկ տարով բոլոր վիրահատությունները, այդ թվում՝ նաև մեր զինվորների, ովքեր վիրավորվել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի օրերին եթե չլիներ ռուսական կողմը՝ այս կապիտուլյանտն ամեն բան անելու էր, որ Ստեփանակերտը կամ Արցախն ամբողջությամբ հանձնի: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ ամեն բան արել է, որպեսզի այդ ճանապարհով գնա, և շարունակում է անել»,-ասաց Տիգրան Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում