Կառավարության նիստին ներկայացվել էր նախօրոք քննարկված նախագծից տարբերվող տարբերակ․ Արարատ Միրզոյանն առարկեց

«Կառավարության նիստին ներկայացված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը փոքր-ինչ տարբերվում է նախապես շրջանառված և ԱԳՆ-ի կողմից  առարկություն չստացած նախագծից»,-կառավարության նիստում այսօր հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և առաջարկեց չզեկուցվող հարցի ընդունումն առկախել:

Դահլիճում կարծես թե ոչ ոք տեղյակ չէր այդ փոփոխությունից, քանի որ

Փաշինյանի հարցից  արձագանք չեղավ։

Արարատ Միրզոյանը թույլտվություն խնդրելով՝ կարդաց օրենքի նախագծում ավելացված հատվածը․ «Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ: Ըստ անհրաժեշտության սփյուռքի գործերի հանձնակատարները կարող են նշանակվել տվյալ օտարերկրյա պետության հետ փոխադարձ համաձայնությամբ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա»:

Միրզոյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է հասարակական հիմունքներով հանձնակատարին նշանակել այլ երկրներում դեսպաններ և մշտական ներկայացուցիչներ՝ նշանակելու ընթացակարգով, որը խնդիրներ կառաջացնի այդ պետության հետ թեկնածուի համաձայնեցման գործընթացում:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց չառկախել հարցի ընդունումը, այլ որոշումը հաստատել առանց այդ նախադասության: