Միշտ հաղթել ենք՝ ապավինելով մեր ուժերին, պարտվել ենք՝ օտարի վրա հույս դնելով․ Լևոն Հայրյան

Մեզ ամեն անգամ փրկել է մեր ինքնակազմակերպվածությունը։ Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդմանն ասաց Հադրութի բնակիչ, «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ Լևոն Հայրյանը։

«Մեզ ասում են՝ խաղաղություն կնքել ադրբեջանցու կամ թուրքի հետ, մոռանալով հայկական հին ասացվածքներից մեկը․«թուրքի հետ բարեկամություն անելիս՝ մահակը ձեռքիցդ վայր մի դիր»։ Մենք այսօր մեր մահակը վայր ենք դրել:

Հիշեցնեմ նաև մեր իմաստուն գրող Րաֆֆու խոսքերը: Ժամանակին նա ասել է՝ «Դժբախտ է այն ազգը, որը օտարի օգնության կարոտությունն ունի»: Այսինքն, սեփական ազատություն կարող ես ձեռք բերել միայն քո ձեռքով, քո զենքով, քո մահակով: Երբ մահակը պատին ես դեմ անում՝ քեզ ծեծողները շատանում են: Այդպես է լինելու:

Այսօր ի՞նչ է մեր վիճակը. ուրախացել ենք, որ ռուսները եկել են Ղարաբաղ, ասում ենք՝ մեզ կպահեն, մեր Սյունիքի սահմանները տալիս ենք ռուսներին, հա, մեր դաշնակիցն է, բայց  ուրախանալ, որ մեր սահմանը ուրիշն է պահում՝ դա կործանարար երևույթ է։

Խոսելով Ռուսաստանի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարման մասին, Հայրյանը նկատեց. «Մեկ բան եմ ուզում մեր ժողովրդին հիշեցնել. Ռուսաստանը մեզ մոտ եկել է 200 տարի առաջ՝ 1812-ին: Դրանից հետո  2-3 անգամ հեռացել է,  ու ամեն անգամ հեռացել է՝ առանց մեզ զգուշացնելու: Այդպես եղել է 1918-ին, 1991-ին: Եթե այսօր մենք ամեն ինչ թողնում ենք ռուսներին, նրանք կարող են, չէ՞ վաղը նորից առանց մեզ զգուշացնելու թողնել ու գնալ, ի՞նչ է լինելու»:

Հետո նկատեց, թե մեզ ամեն անգամ փրկել է մեր ինքնակազմակերպվածությունը. «Շատ կարևոր բան պիտի ասեմ մեր ժողովորդին: Հիշեք, ամեն անգամ ռուսների գնալուց հետո՝ և՛ 1918-ին, և՛ 1991-ին, երբ մենք ինքնակազմակերպվել ենք՝ մեծ հաջողություն ենք գրանցել: Այսինքն, երբ ապավինել ենք մեր ուժերին՝ հասել ենք հաղթանակի: Այդպես եղավ 1918-ին, մեր ուժերին ապավինեցինք ու հաղթեցինք, պետություն ստեղծեցինք: Դա եղել է նաև 1991-ին, ռուսների «Կոլցո» օպերացիայից հետո մենք ինքնակազմակերպվեցինք ու հասանք հաջողության՝ ազատագրեցինք Օմարից մինչև Արաքս»:

Ըստ Հայրյանի, սակայն միշտ պարտվել ենք՝ օտարին ապավինելով. «Առաջին պատերազմից հետո՝ անցած տարիներին, նորից մեր հույսը գցեցինք օտարի վրա՝ ռուսների, ամերիկացիների, ֆրանսիացիների, որ կգան, կօգնեն, մեր հարցերը կլուծեն, ու այդ ամենի հետևանքը տեսանք, թե ի՜նչ եղավ…»:

Ինչո՞ւ ընկավ Հադրութը, Շուշին․«Պատերազմի պարտության պատճառներից մեկն այն էր, որ էյֆորիայի տակ ասում էինք՝ հաղթելու ենք: Պատերազմի առաջին օրերին Փաշինյանը դիմեց ժողովրդին, ասաց՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չպիտի համարենք: Բայց ինչո՞ւ չպիտի համարենք: Ու գնաց «հաղթելու ենք»-ի քարոզչությունը: Անընդհատ մեզ թվում էր, թե հաղթելու ենք, դե, հասարակ մահկանացու ենք, մեզ էլ էր թվում, որ կարող ենք հաղթել…»:

Լևոն Հայրանը շեշտեց, որ պատերազմի օրերին մեր 18-20 տարեկան զինվորները հրաշքներ են գործել. «Նրանք հրաշագործություններ են արել: Մեկ դրվագ պատմեմ: 18 տարեկան տղայի սխրանքի մասին են պատմում, որ նա թռել,  բարձրացել է թշնամու տանկի վրա ու գրանատը գցել մեջը… Իր կյանքով ոչնչացրել է ադրբեջանական տանկը»:

Վերլուծելով 44-օրյա պատերազմի ընթացքը Հայրյանը եզրահանգեց՝ մեր  պարտության հիմնական պատճառը անկազմակերպվածությունն էր ու խուճապը, եթե անգամ դա չի եղել միտումնավոր արված քայլ, միևնույն է՝ հանցագործություն է:

Ասաց, թե Փաշինյանին թվում էր, եթե նախկին գեներալներին, հրամատարներին, սպաներին մասնակից դարձնի այս պատերազմին ու  նրանց շնորհիվ հաղթանակ տանենք՝ ինքն իր իշխանությունը կորցնելու էր:

«Պատճառ են բերում, թե իբրև զենք չունեինք: Բայց մենք երբեք այսքան զենք ու զորք չենք ունեցել, մինչդեռ մեր զինվորները մնացել էին  անզեն ու անհրամանատար: Ամբողջությամբ անկազմակերպված էր… Մենք  պարտվեցինք, որովհետև մեզ խուճապի մեջ գցեցին»:

«Մեր ժողովրդին ասեմ, թող իմանա. այսօր ռուսները համարում են, որ Ղարաբաղը Ադրբեջան է ու բանակցում են, որ Ղարաբաղը թողնեն Ադրբեջանին․․․ Իմացեք, քանի դեռ Արցախի կարգավիճակը չի որոշվել՝ արցախցին չի կարող հանգիստ ապրել իր հողի վրա, արտագաղթելու է․․․»։

Լևոն Հայրյանը համոզված է. «Մենք պիտի հետ բերենք Ադրբեջանի կողմից բռնազավթված մեր հայրենիքի տարածքները, պիտի ազատագրենք Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը: Մեզ ազգային ազատագրական պայքար է պետք, հակառակ դեպքում՝ կվերանանք»։