Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի մագնիսոլորտում անցած գիշեր մագնիսական փոթորիկ է սկսվել, որի մակարդակն աստիճանաբար աճում է և արդեն հասել է միջին մակարդակի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին տվյալներ են հրապարակվել  ՌԴ գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորայի կայքում:

Ինստիտուտի տվյալներով՝ մոսկովյան ժամանակով գիշերը 03։00-ի (երևանյան ժամանակով 04:00) սահմաններում թույլ մագնիսական փոթորիկ է արձանագրվել, 07:00-10:00-ին փոթորիկն աճել է միջին մակարդակի:
Երկրին հասած արևային պլազմայի ամպը նման դեպքերում մեծացնում է ռադիացիոն ծանրաբեռնվածությունը տիեզերական արբանյակների վրա, ազդում է Երկրի մակերևույթի շրջանում մագնիսական դաշտի տատանումների վրա, իսկ մագնիսական դաշտի փոփոխությունները տեսանելի են հյուսիսափայլերի տեսքով:
Ինչպես նշվում է, մագնիսական փոթորիկների պահերին հյուսիսափայլը հնարավոր է տեսնել 60-70 աստիճան լայնություններում, ինչպես օրինակ՝ Սանկտ Պետերբուրգից կամ Մուրմանսկից: