Եվրամիությունը պատրաստ է միջնորդ լինել բանակցություններում, եթե Հայաստանը և Ադրբեջանը ցանկանան․ Անդրեա Վիկտորին

Եթե Հայաստանը և Ադրբեջանը ցանկանան, Եվրամիությունը պատրաստ է միջնորդ լինել Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Խաչիկ գյուղում լրագրողների հետ զրույցում միաժամանակ հիշեցնում է՝ գործընթացը, բնականաբար, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հաղորդում է «Ա1+»-ը:

Եվրամիությունը պատրաստ է նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինել, և կրկին եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը։

Հարցին՝ արդյոք Եվրամիությանը չեն մտահոգում Սյունիքում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, դեսպանը պատասխանեց՝ չի կարող չմտահոգել, քանի որ այն վերաբերում է մարդկանց կյանքին։

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը այցելել էր Սյունիքի մարզ՝ գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։

«Ա1+»-ի մյուս հարցին՝ ինչպես է գնահատում փաստը, որ Հայաստանում վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ, դեսպանը նշեց՝ հետևելու են գործընթացներին։ Նա վստահեցրեց, որ իրենք կարեորում են խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անկախությունը և շարունակելու են կարևորել։