Եթե Իրանը ստիպված լինի միջամտել, ապա կազատագրվի ոչ միայն Հայաստանի հարավը, այլև այլ շրջաններ. իրանական Farhikhtegan

Իրանական «Ազադ» իսլամական համալսարանին պատկանող Farhikhtegan օրաթերթը հոդված է հրապարակել Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ընդգծված է.

– Հայաստանի հարավային շրջանի օկուպացիան և Թուրքիա-Ադրբեջան ցամաքային հաղորդակցության հաստատումը նոր մեծ խաղ սկիզբ կդառնա:

– Թուրքիան Վաշինգտոնի և Թել Ավիվի աջակցությամբ փորձում է վերահսկողություն հաստատել տարածաշրջանի հաղորդակցության ուղիների վրա:

– Աֆղանստանը լքելուց հետո Վաշինգտոնը փորձում է Թուրքիայի միջոցով վերադառնալ տարածաշրջան:

– Իրանը տարածաշրջանում ԱՄՆ գործողությունների թիրախն է: Ղարաբաղյան ճգնաժամի պայմաններում ԱՄՆ-ի նպատակը, մասնավորապես, Իրանին վնաս հասցնելն է:

– Իրանի հյուսիսարևմտյան հատվածում հրահրել անջատողական սադրանքներ:

– Իրանին զրկել Կովկաս մուտք գործելուց`Հայաստանի հարավային շրջաների օկուպացիայի միջոցով:

– Ստեղծել ճգնաժամային իրավիճակ Իրանի սահմաններին:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի առաջխաղացումը դեպի Իրանի սահմաններ կարող է ճգնաժամ առաջացնել Իրանի և այս երկրների հարաբերություններում: Ընդգծվում է, որ Կովկասում խնդիրների առաջ կանգնած Իրանը Ռուսաստանի աջակցությամբ կփորձի ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ Սիրիայում և Իրաքում: Ռազմական տեխնիկայի կուտակումը երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ցույց է տալիս, որ Իրանը լրջորեն տրամադրված է կանխելու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և Հայաստանի հարավային շրջանների օկուպացիան:

«Եթե Իրանը ստիպված լինի միջամտել, ապա կազատագրվի ոչ միայն Հայաստանի հարավը, այլև այլ շրջաններ»,- ասվում է հոդվածում: