Հայաստանի կառավարությունը 13 մլրդ 473 մլն դրամ հատկացրեց Արցախին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Արցախին ֆինասնական միջոցներ հատկացնել:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ գումարը կազմում է 13 միլիարդ 473 միլիոն դրամ:

Գումարը հատկացրեց Արցախին՝ 2021 թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին:

«Սա շատ կարևոր է ու մենք շարունակելու ենք այս գործընթացը՝ մի նկատառմամբ, որ մենք զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պիտի ամեն քայլի հետ ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունն ու ակտիվությունը Արցախում խթանելու նպատակով», – ասաց վարչապետը: