Բանակցություններ ենք սկսել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ` վստահության ամրապնդման մեխանիզմների շուրջ. ԵԽ գլխավոր քարտուղար

Չլուծված հակամարտության գոտիները միշտ եղել են, կան ու կլինեն Եվրոպայի խորհրդի օրակարգի շատ բարձր դիրքերում, քանի որ 47 անդամ պետությունների յուրաքանչյուր անձ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, պետք է պաշտպանված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, հավելելով նաև, որ ԵԽ-ն անվտանգության կազմակերպություն չէ, դրանով զբաղվում են որոշ այլ կազմակերպություններ:

Բուրիչի խոսքերով, ԵԽ-ը մշտապես խնդրում է իրենց դիտորդական և այլ մարմինների անարգել հասանելիություն հակամարտության գոտիներ:

«Մենք բոլորս գիտենք, որ դա միշտ չէ, որ հնարավոր է, բայց, որպես Գլխավոր քարտուղար, ես միշտ խնդրել եմ այդ հասանելիությունը, քանի որ միայն այս վայրեր մուտք գործելով կարող ենք վստահ լինել, որ մեր մոնիտորինգի և խորհրդատվական մարմինների գնահատումը կլինի համապատասխան և որ նրանց հաշվետվությունները կլինի ամբողջական պատկերով:

Այսպիսով, ես այդպես եմ տեսնում, որ մենք շարունակենք պնդել մեր բոլոր մարմինների մուտքը հակամարտության գոտիներ, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել, որոնք մենք անում էինք մեր մի շարք անդամ երկրներում, որտեղ դա անհրաժեշտ է: Բայց մենք պետք է ունենանք ներգրավված երկրի կամ ներգրավված երկրների և դրա վերաբերյալ իրենց դրական կարծիքը:

Օրինակ, մենք վերջերս բանակցություններ սկսեցինք Հայաստանի և Ադրբեջանի հետ` այս երկու երկրների միջև վստահության ամրապնդման մեխանիզմների շուրջ, բայց միայն եթե երկուսն էլ համաձայնվեն, մենք կշարունակենք դա: Բայց վստահության ամրապնդման մեխանիզմներն, անշուշտ, գործիքներից են, ինչպես անունն է ասում, վստահության միջոցներ ձեռնարկելու նրանց միջև, ովքեր հակառակ դեպքում, հավանաբար, միմյանց հետ խոսելու հնարավորություն չեն ունենա և դրանով կհասնեն իրավիճակի, որտեղ նրանք կարող են խոսել տարբեր հարցերի մասին»,-ասել է Բուրիչը։

ԵԽ գլխավոր քարտուղարը, սակայն, հավելել է, որ սովորաբար վստահության ամրապնդման մեխանիզմները զբաղվում են ոչ քաղաքական խնդիրներով, ինչպիսիք են կանանց դերի հզորացումը, միջքաղաքային համագործակցությունը և այլ հարցեր, որոնք կարող են օգնել մարդկանց միավորել այդ ուղղությամբ: