Էրդողանը կրկին անդրադարձել է ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին և առաջիկայում Ռուսաստան կատարելիք այցին: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Էրդողանը, թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս, դժգոհել է դրանց և ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հարաբերությունների մակարդակից: Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որպես ՆԱՏՕ անդամ երկրներ, այլ մակադրակի վրա պետք է լինեն, իսկ եթե այդպես չեն, ուրեմն պետք է այդ մասին բարձրաձայնել:

Այս համատեքստում Էրդողանը նշել է. «Ես մինչև եղած ԱՄՆ ղեկավարներից ոչ մեկի հետ նման իրավիճակում չեմ հայտնվել, սակայն այժմ, ցավոք, նման իրավիճակում ենք, բայց ԱՄՆ-ում մեր կապերը,հարաբերությունները, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, այսպիսին չպետք է լինեն»:

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին՝ նրանց մեծ քանակությամբ զենք-զինամթերք մատակարարելով:

Էրդողանի խոսքով՝ քանի դեռ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման կերպ է գործում, Թուրքիան էլ այդ մասին ամբողջ աշխարհին կպատմի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպման օրակարգի վերաբերյալ հարցին էլ Էրդողանը հետևյալ կերպ է արձագանքել. «Սիրիայում ռեժիմը (Բաշար Ասադի իշխանությունը), ցավոք, մեզ համար մեր երկրի հարավում բավականին մեծ սպառնալիք է ներկայացնում: Այս հարցում, որպես բարեկամ երկիր,  պարոն Պուտինից, ավելի ճիշտ Ռուսաստանից, տարբեր մոտեցումներ եմ ակնկալում, որպիսին պահանջում է մեր համերաշխությունը: Այս պայքարն էլ հարավում միասին պետք է մղենք: Հիմա, ինչպես երևում է, ԱՄՆ-ն Սիրիայի հարցում էլ առանձնապես շահագրգիռ չէ: Ո՞վ կա այնտեղ՝ Իրանը, Ռուսաստանը և մենք: Արդարացիորեն, եթե ցանկանում ենք այն խաղաղության ավազան դարձնել, պետք է  իրար հետ բանակցենք, կիսենք: Այս ենք բանակցելու:

Բացի այդ Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի առաջ տանելու ջանքեր ենք գործադրում: Մեր նպատակն է երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի»: