Արդյո՞ք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո․ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․
«ԱՐԴՅՈՔ ԿԱՐՈՂ Է ԳՈՐԾԱՏՈՒՆ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ
Մեր կարծիքով՝ ոչ, առնվազն երկու պատճառով՝
Առաջին՝ աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողին գործատուն չի կարող օրենքով չնախատեսված դեպքում արգելել աշխատելը, իսկ առողջապահության նախարարի հրամանն ի ուրախություն մեզ օրենք չի, թեև նման ձգտումներ ունի:
Երկրորդ՝ ըստ առողջապահության նախարարի հրամանի, աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման սերտիֆիկատը: Ինչպես տեսնում եք՝ ասվում է 14 օրը մեկ: Հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, հետևաբար հաշվարկը կատարվելու է հաջորդ օրվանից:
Մեր կարծիքով, բոլոր աշխատողներն ունեն հոկտեմբերի 2-ից հաշված 14 օր ժամանակ առաջին ՊՇՌ սերտիֆիկատը ներկայացնելու համար:
Այս ժամանակը մեզ համար բավարար կլինի իրավապաշտպանական գործողությունները կազմակերպելու համար:
Մոտ օրերս կհրապարակենք փաստաբանների տվյալները, որոնց կարող եք դիմել անվճար հիմունքներով, եթե ձեր իրավունքները կխախտեն:
Գործատուներին վերաբերող թեմային կանդրադառնամ մոտ օրերս: Միայն պետք է նշեմ, որ եթե գործատուն աշխատողի իրավունքները առողջապահության նախարարի հրամանի հիման վրա սահմանափակի, ապա կարող է լուրջ վնասների առջև կանգնել:
ԱՄՓՈՓՈՒՄ՝
- Եթե հոկտեմբերի 1-ին գործատուն կպահանջի ՊՇՌ սերտիֆիկատ, կարող եք պնդել, որ դուք ունեք դեռևս 14 օր ժամանակ, առաջին ՊՇՌ սերտիֆիկատը բերելու համար.
- Եթե ձեզ գործատուն չթույլատրի աշխատանքի, անպայման ստեղծեք ապացուցողական նյութեր, օրինակ՝ նամակ գրեք գործատուին, որ ինքը ձեզ չի թույլատրում, իսկ դուք պատրաստ եք աշխատելու, ինչպես նաև դիմեք «Ազատ կամք» նախաձեռնությանը.
- Եթե գործատուն կարգապահական վարույթ է սկսում ձեր նկատմամբ, ապա դիմեք «Ազատ կամք» նախաձեռնությանը, [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ 010 440333 հեռախոսահամարին զանգահարելով.
- Մենք մոտ օրերս կհրապարակենք մեր հետագա գործողությունների պլանը»: